Ռուսաստանի նախագահը քննադատել է Միացյալ Նահանգներին` Իրանի միջուկային ծրագրի հարցով 2015֊ին ձեռք բերված համաձայնություններից դուրս գալու համար, պնդելով, թե դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը:
Ելույթ ունենալով Չինաստանում` Շանհայան համագործակցության կազմակերպության հավաքին, որին անդամակցում են Չինաստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի չորս երկրները, Հնդկաստանն ու Պակիստանը, Պուտինն ասել է, թե անհանգստացած է Վաշինգտոնի այդ որոշմամբ:
«Ռուսաստանը կոչ է անում խստորեն և հետևողականորեն իրագործել այդ համաձայնությունները», ֊ հայտարարել է Պուտինը` հավելելով. ֊ «Ռուսաստանը հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին»:
ԱՄՆ նախորդ նախագահ Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերտերությունների միջև ձեռք բերված այդ գործարքով Իրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը` միջազգային պատժամիջոցները վերանայելու դիմաց:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, անցած ամիս հայտարարեց, թե դուրս է գալիս համաձայնագրից և վերականգնում է պատժամիջոցները Իրանի նկատմամբ` փաստաթղթում առկա մի շարք աններելի բացթողումների պատճառով:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, այսօր ելույթ ունենալով Շանհայան կազմակերպության գագաթնաժողովին, որին անդամակցում է դիտորդի կարգավիճակով, հայտարարել է` Թեհրանն ակնկալում է երաշխիքներ ստանալ փաստաթղթի տակ ստորագրած մյուս երկրներից, որ այն մնալու է ուժի մեջ: