Ռուսաստանի նախագահը կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին դադարեցնել զազրախոսությունը և զբաղվել կոնկրետ խնդիրների կարգավորմամբ:
Վլադիմիր Պուտինն այդպես է արձագանքել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրին, որը կոչ է անում ուժի մեջ թողնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան չի իրագործել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով ստանձնած մինսկյան պարտավորությունները:
Փաստաթուղթը նաև կոչ է անում Կրեմլին դադարեցնել աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ֊Ասադի ռեժիմին, չսասանել ժողովրդավարության հիմքերը այլ երկրներում, ինչպես նաև ընդգծում, որ համաձայն է Լոնդոնի եզրակացություններին` Կրեմլը մեղսակից է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը:
Ավելի վաղ` 2014֊ին, Ղրիմի բռնակցումից հետո, աշխարհի առաջատար երկրները որոշել էին դուրս թողնել Ռուսաստանին Մեծ ութնյակի կազմից:
Անդրադառնալով այս հարցին` նախագահ Պուտինն այսօր պնդել է, թե «Ռուսաստանին որևէ մեկը դուրս չի թողել, պարզապես մյուս յոթ երկրների առաջնորդները այդ տարի չեն եկել Սոչիում նախատեսված հավաքին»: