Մատչելիության հղումներ

Շիրակում կոռուպցիայի փաստերով քրեական գործերի թիվը այս տարի շուրջ մեկուկես անգամ ավելացել է


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Ըստ այդմ՝ մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից,1 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից, 1 գործ անջատվել է այլ քրեական գործից:

Նշված քրեական գործերով 7 անձի նկատմամբ, որից 3-ը՝ համայնքի ղեկավար, 1-ը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն, 1-ը դպրոցի տնօրեն, 1-ը՝ դպրոցի փոխտնօրեն, հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել են երկու պաշտոնատար անձինք՝ համայնքի ղեկավարներ, ում նկատմամբ հետագայում, պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնելուց հետո, վարույթն իրականացնող քննիչները արգելանքից ազատելու մասին որոշումներ են կայացրել:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման, բանկային համակարգի գործունեության, տրանսպորտային, սոցիալական ապահովության ոլորտներում:

Բացի այդ, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 10-ից ավելի ուսումնասիրություններ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները, հաղորդում է դատախազությունը:

Ընդհանուր առմամբ 2018-ի առաջին հինգ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով Հայաստանի պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 22 միլիոն 779 հազար 904 դրամ գումար, ասված է հաղորդագրությունում:

Շիրակի մարզի դատախազության կողմից նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու համար դատարաններ է ներկայացվել երեք հայցադիմում` ընդհանուր 12 միլիոն 191 հազար 740 դրամ գումար բռնագանձնելու պահանջով: Դրանցով քննությունն ընթացքի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG