Մատչելիության հղումներ

Հայկական կողմը ադրբեջանցի խաղաղ բնակիչներին թույլ է տվել կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին․ ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Նախիջևանի Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ», - նշել է Հովհաննիսյանը:

«Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», - տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնենք, Ադրբեջանը վերջերս հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինված ուժերը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ են իրականացնում բացառապես իրենց տարածքում:

«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը: Բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ: Դա Ադրբեջանի Նախիջևանի հանրապետության տարածքն է», - հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG