Մատչելիության հղումներ

Այսօր կեսօրին մոտ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել, մեկ մարդ վիրավորվել է:

Սևանի դատարանում պետք է տեղի ունենար Գեղարքունիքի փոխմարզպետ, նախկինում Նորատուսի ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատավարությունը:

Հայկ Հակոբյանը սպանվել է անցած տարվա հունվարին, սպանության համար մեղադրվում է Մեխակ Հարությունյանը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին: Սակայն մինչ դատական նիստը կսկսվեր՝ դատարանի շենքի մոտ միջադեպ է տեղի ունեցել ամբաստանյալների և տուժողների հարազատների միջև:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանի, ով ներկա է եղել միջադեպին, մեքենաներ են մոտեցել դատարանի շենքին, և ինչպես փաստաբանն է ասում՝ Անդրանիկ Հակոբյանը ճանաչել է ամբաստանյալի՝ Մեխակ Հարությունյանի քեռու և մորական պապի մեքենան։ Կրակոցները, Հովսեփ Սարգսյանի խոսքով, արձակել են Հարությունյանի պապը և քեռին։

Ըստ փաստաբանի՝ վիրավորված Ռաֆիկ Հակոբյանը, ով անցած տարի սպանված Հայկ Հակոբյանի հոր՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբորորդին է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։

Ըստ ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի փաստաբան Ռուստամ Խաչատրյանի՝ այսօր առաջին անգամն էր, երբ նրա պաշտպանյալի հարազատները եկել էին դատական նիստին: Ըստ Խաչատրյանի, դատարանի շենքի մոտ հայհոյանքներ և քաշքշուկ է եղել: Իր պաշտպանյալի պապին հայհոյել են և ծեծել: Թե ով է կրակել, չի տեսել, միջադեպի ժամանակ եղել է դատարանի շենքում՝ իրադարձություններից հեռու:

Ոստիկանությունը դեպքի հետ կապված շատ մանրամասներ չի հայտնում, միայն նշում է, որ պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունն ու միջոցառումներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ ականատեսների, միջադեպի ժամանակ դատարանի շենքի մոտ ներկա են եղել նաև ոստիկաններ, այդ թվում և Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը։ Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ Վիգեն Աղեկյանն այլևս Սևանի ոստիկանության բաժնի պետը չէ, ինքը Աղեկյանն «Ազատությանը» հայտնեց, որ սեփական դիմումի համաձայն թոշակի է անցել:

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը «Ազատթյան» հետ զրույցում դատապարտեց տեղի ունեցածը. ֊ «Ինձ համար անընդունելի ու դատապարտելի է նման ճանապարհով հարցեր լուծելը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG