Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից


Այսօր դատարանը կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի ևս երկու անդամի՝ Արամ Մանուկյանին և Արամ Հակոբյանին:

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանին դատավորը կալանքից ազատ արձակեց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 9 պատգամավորների երաշխավորության դիմաց։ Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանում ներկայացնելով կալանքից ազատ արձակման հիմքերն՝ ասաց նաև՝ ոտքից հրազենային վիրավորում ստացած երիտասարդը բուժման կարիք ունի։ Դատավոր Արշակ Վարդանյանը որոշումն ընթերցելիս նշեց՝ նվազել է դատարանից թաքնվելու կամ խուսափելու հավանականությունը։

Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանն իր ազատ արձակումը պայմանավորեց ոչ միայն քաղաքական իրադրության փոփոխությամբ․ ֊ «Մարդկանց գիտակցության մեջ շատ բան փոխվեց այս ժամանակահատվածում, հիմնական պատճառներից մեկը դա է»:

25-ամյա Մանուկյանն ասաց, որ բուժման կարիք ունի: ՊՊԾ գունդը գրավելու օրերին նա ոտքից հրազենային վիրավորում էր ստացել, մեկ անգամ ոտքը վիրահատվել է։ Ասաց, որ շարունակելու է ուսումը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտության բաժնում:

Դատարանի դահլիճից ազատ արձակված երիտասարդն ասաց, չի ափսոսում, որ հոր՝ Պավել Մանուկյանի հետ դիմել էր գունդը գրավելու քայլին․ ֊ «Ես իմ պարտքն եմ համարել՝ այս քայլով հայրենիքին իմ սերը ցույց եմ տվել»:

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ պատանդ վերցնելու, շենք շինություններ զավթելու, ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու, փոխադրելու, հափշտակելու և դիտավորությամբ գույք ոչնչացնելու մեջ։

Մանուկյանի ազատության համար անձնական երաշխավորություն տված «Ելքից» երկու պատգամավորները՝ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը նաև 1 միլիոն դրամ են վճարել որպես գրավ: Նրանք դատարան հրավիրվեցին՝ վստահեցնելու՝ տեղյակ են, որ եթե Արամ Մանուկյանը չարամտորեն խուսափի դատական նիստերից, ապա իրենց վճարած գումարները հետ չեն վերադարձվի՝ կփոխանցվեն պետական բյուջե։

Ավելի ուշ նույն դատավորը կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի Շիրակի կառույցի ղեկավար Արամ Հակոբյանին՝ 500 հազար դրամ գրավի դիմաց: Ազատ արձակումից հետո «Ազատության» հետ զրույցում Հակոբյանն ասաց՝ ուրախ է, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, ազատ արձակումը պայմանավորելով քաղաքական նոր իրադրությամբ․ ֊ «Ուրախ եմ, ոչ թե նրա համար որ ազատվել եմ, այլ որ վերջապես իմ նվիրական գաղափարն իրականացավ, դրա համար շատ ուրախ եմ: Վերջը ազատվեց ժողովուրդը կապանքներից»:

Հակոբյանը, որ կալանքից ազատ արձակվեց նաև առողջական լուրջ խնդիրների պատճառով, ասաց՝ բուժման կարիք ունի։ Ընդգծեց՝ նախկին իշխանություններն իրենց ազատ չէին արձակի:

Արամ Մանուկյանից ու Արամ Հակոբյանից առաջ կալանքից ազատ էին արձակվել զինված խմբի ևս երեք անդամ՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը և Հովհաննես Վարդանյանը։ Մեղադրող դատախազները, որ մինչև իշխանափոխությունը մերժում էին կալանքից ազատ արձակման միջնորդությունները, այս օրերին չեն առարկում դրանց դեմ։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG