Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով 10 ամբաստանյալներից 4-ը այսօր ազատ արձակվեցին


Սարի թաղի գործով նիստից հետո, Երևան, 8-ը հունիսի, 2018 թ․

Այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Սարի թաղի գործով անցնող 10 ամբաստանյալներից երեքը՝ Հրայր Իսախանյանը, Էդուարդ Զեյթունյանը և Հարություն Թորոսյանը: Խափանման միջոցը կալանքից փոխվեց չբացակայելու մասին ստորագրությամբ:

Այսօրվա դատական նիստին մասնակցող չորրորդ ամբաստանյալը՝ Անդրանիկ Քյոսեյանը նախկինում դատվածություն ուներ, այդ պատճառով դատարանը նրա կալանքը որոշեց վերացնել 700 հազար դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին, մասնավորապես, 2016 թ․ հուլիսի 19-ին, Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրանք առաջադրվեց 10 քաղաքացու։ Հանցագործությունն ապացուցվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։

Երեկ տեղի ունեցած մեկ այլ նիստի ընթացքում էլ դատարանի դահլիճից ազատ էր արձակվել նույն հանցանքի համար մեղադրվող Սարգիս Գրիգորյանը: 10-ից 6 ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասում է, որ դատարանի այս որոշումը սպասելի էր:

«Այդուհանդերձ, դատավարությունը դեռ չի ավարտվել, և ես մնում եմ այն նույն կարծիքին, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ: Որևէ մեկի համար դեռևս պարզ չէ, թե ինչում է ինքը մեղադրվում»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ մյուս ամբաստանյալների հետ կապված ևս խափան միջոցի փոփոխման միջնորդություններ է ներկայացնելու:

Ամբաստանյալները դատարանի շենքից դուրս եկան «Սարի թաղ» վանկարկումների ներքո, դատարանի բակում հավաքվածները նրանց շամպայնով դիմավորեցին: Անազատության մեջ մեկուկես տարուց ավելի անցկացրած Հարություն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատավարության հետագա նիստերի ընթացքում արդարադատություն է ակնկալում: «Սա սպասելի էր այնքանով, որ երկրում փոփոխություններ են եղել: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց Թորոսյանը:

2016-ի հուլիսի 19-ին Սարի թաղում ծավալված դեպքերից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող 10 քաղաքացիներից 5-ը շարունակում են գտնվել կալանքի տակ: Նրանց պաշտպաններն ու հարազատներն ակնկալում են, որ դատարանը համանման որոշումներ կկայացնի նաև նրանց դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG