Մատչելիության հղումներ

Նախորդ տարվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակը 6000-ից ավելի դիմում է ստացել քաղաքացիներից, դրանց 20 տոկոսից ավելին՝ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ է եղել:

Ստացված բողոքների ճնշող մեծամասնությունն առնչվել է բժշկական զննումներին ու փորձաքննություններին: Քիչ չեն եղել բողոքներ նաև բանակում հարուցված կարգապահական վարույթների ու կանոնադրական հարաբերությունների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այսօր պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին ներկայացնելով 2017-ին զեկույցը, ասաց՝ իրենց հասած բողոքների հետքերով գնալուց հետո հիմնականում բժշկական կրկնակի փորձաքննություններ են նշանակվել:

«Կան դեպքեր, որ, օրինակ, քաղաքացին նշում է, որ զորակոչի փուլում բժշկական փորձաքննություն են իրականացրել և հիվանդությունների առկայության դեպքում սխալմամբ զորակոչել են զինված ուժեր։ Մենք խնդրել ենք, Պաշտպանության նախարարության համակարգում ևս մեկ անգամ իրականացրել են այդ փորձաքննությունները, դեպքեր ունենք, որ հաստատվել է», ֊ մանրամասնեց Թաթոյանը։ ֊ «Իհարկե, այդ քաղաքացիների դեպքում եղել է զորացրում կամ հակառակը»։

Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօրվա ընդլայնված նիստում ասաց՝ եղել է դեպք, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ որոշում չի կայացրել, քանի որ տարբեր կառույցներից նրա առողջության վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացվել:

Նիստին ներկա իրավապաշտպաններից Զարուհի Հովհաննիսյանը նկատեց՝ այս տարվա մայիս ամսին բանակում ինքնասպանությունների 5 դեպք է գրանցվել: Ի դեպ՝ երեկ վարչեպտ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության ծրագիրը, ասել էր՝ «մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական, անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին. ամեն նման դեպքի հետևում կա իր աշխատանքը պատշաճ կերպով չկարած պատասխանատու և նրան պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել»:

Զարուհի Հովհաննիսյանը վստահ է՝ վարչապետից բացի այսօրինակ հայտարարությունով պետք հենց պաշտպանության նախարարը հանդես գա․ ֊ «Մայիս ամսին մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ենք գրանցել այս տարվա կտրվածքով, և դրանցից հինգը ինքնասպանություն է որակվել։ Դա թույլ է տալիս մտածելու, որ բանակում ոչինչ չի փոխվել և այդ ուղերձը չի հնչել։ Պաշտպանության նախարարի մակարդակով ամեն զինծառայողի կյանքի իրավունքի պաշտպանությունը պիտի լինի ամենաբարձր մակարդակի վրա»։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը, ով ղեկավարում է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, արձագանքեց՝ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, դրանք ուսումնասիրվում են:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ է, ընդգծեց՝ քաղահասարակության ու զինվորների հարազատների շրջանում դեռ մեծ անվստահություն կա սպանության կամ ինքնասպանության գործերի արդար դատաքննության հետ կապված:

Անդրադառնալով օմբուդսմենի 2017-ի զեկույցին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց՝ խնդիրները կարող են կարգավորվել, եթե բանակում զինվորի նկատմամբ վերաբերմունքն ու մթնոլորտը փոխվի․ ֊ «Մեզ ևս շատ են դիմում բուժման կարիք ունեցող կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները կամ նրանց հարազատները, և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ վերաբերմունքի պակասը կա։ Շատ մեծ հույս ունեմ, որ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը կկարևորի այդ հարցը, որ զորամասի հրամանատարները և պատասխանատուները ուշադիր լինեն հիվանդ զինվորների նկատմամբ»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կիսեց իրավապաշտպանների մտահոգություններն ու ընդգծեց, որ իրենց ներկայացուցիչները մասնակցում են նաև ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG