Մատչելիության հղումներ

Եվրադատարանը Ադրբեջանի դեմ հերթական վճիռը հրապարակեց


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակած վճռով անօրինական է համարել 2013 թվականին Ադրբեջանում քաղաքացիական չորս ակտիվիստների ձերբակալումը:

Եվրադատարանի վճռում նշված է, որ NIDA քաղաքացիական շարժման վարչության չորս նախկին անդամների՝ Ռաշադ Հասանովի, Զաուր Գուրբանլիի, Ուզեյիր Մամադլիի ու Ռաշադատ Ախունդովի ձերբակալությամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի երկու հոդված․ խախտվել է նրանց ազատության իրավունքը, ինչպես նաև քաղաքական նպատակներով սահմանափակվել են նրանց իրավունքները: Եվրադատարանը որոշել է, որ Ադրբեջանի կառավարությունը նրանցից յուրաքանչյուրին պետք է 20 հազար եվրո վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3 հազարից 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստները Բաքվում ձերբակալվել էին 2013 թվականի մարտին: Ոստիկանները նրանց ձերբակալել էին խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի դեմ բողոքի խաղաղ ակցիայից մի քանի օր անց: Դատախազությունը նրանց մեղադրել էր թմրամիջոցների անօրինական շրջանառության, պայթուցիկ նյութեր պահելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածներով: Այդ գործով ընդհանուր առմամբ ութ մարդ էր անցնում: 2014 թվականին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ձերբակալված երիտասարդներին դատապարտել էր 6-ից մինչև 8 տարվա ազատազրկման:

Եվրադատարանը, նշելով որ դատախազության մեղադրանքները հիմնավորելու համար որևէ ապացույց չէր ներկայացվել, եզրակացրել է, որ ձերբակալությունները նպատակ են հետապնդել լռեցնել նրանց և պատժել NIDA քաղաքացիական շարժմանը մասնակցելու համար:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց բոլորին ճանաչել էր «խղճի բանտարկյալ»: Դատապարտվածներից յոթը՝ բացի Իլքին Ռուստամզադեից, անցած տարիների ընթացքում ներում էին ստացել համապատասխան դիմումներ գրելուց հետո:

Ադրբեջանի ընդդիմությունը, արևմտյան կառավարություններն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են Իլհամ Ալիևի կառավարությանը ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, անկախ մամուլին ու լրագրողներին շարունակաբար հետապնդելու մեջ, որը հաճախ կատարվում է, ինչպես նրանք են պնդում, քրեական շինծու մեղադրանքների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG