Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն տվեց ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:

Հանրապետականից փաստաթղթի օգտին քվեարկեցին Տաճատ Վարդապետյանը, գործարար շրջանակից Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, ազգային փոքրամասնություններին ներկայացնող Արսեն Միխայլովը և Կնյազ Հասանովը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, խմբակցությունից դուրս եկած Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը:

Քվեարկությունից առաջ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն հայտարարել էր, որ ապահովելու են անհրաժեշտ ձայները, որ չխոչընդոտեն Կառավարության գործունեությունը․ - «Ինչպես ընդունված է ասել այս օրերին՝ թողնեք աշխատեք: Բայց հորդորում ենք ձեզ հանկարծ ձեր աշխատանքային ոճով չմոտենաք, ինչպես ծրագրի մշակմանն եք մոտեցել»:

Իշխանությունը կորցրած հանրապետականները քննադատեցին Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագիրը: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ խորհրդարան բերված փաստաթուղթը ցանկությունների ու երազանքների հուշագիր է, բայց ոչ ծրագիր․ - «Խնդրում եմ, մի հատ բացատրեք ինչ է սա․ ծրագի՞ր է, սուրճի սեղանի շուրջ ցանկությունների ժողովածո՞ւ է»:

Ազգային ժողովի փոխնախագահն ասում էր, թե Փաշինյանին փոխանցել են 7,5 տոկոս աճ ունեցող տնտեսություն, բայց այս ծրագրում թվեր չկան․ - «Ինչո՞ւ: Հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթում հակադարձեց՝ թվե՞ր եք ուզում, կհրապարակի․ - «Ինչպիսի՞ն է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը: Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը: Զրո: Հայաստանում խոշոր բիզնեսը ամսական ինչքա՞ն նալոգ պետք է տա Հանրապետական վարչապետին: Զրո: Եվ եթե հարց է, թե հեղափոխությունը էդ ինչ ա փոխելու խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում և իրավունքների մեջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ խոշոր և մանր եղջերավոր անասունները այս պահից սկսած ստացել են իրավունք արտահանվելու առանց վարչապետի եղբոր դաբրոյի»:

Շարմազանովի կուսակից Արմեն Աշտոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Հանրապետականը միակ ընդդիմությունն է․ - «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ: Ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ մեղավոր գուցե ձեր ասած խնդիրների մեջ, թշնամի չենք, հակառակորդ չենք: Քաղաքական մրցակից ենք: Հենվեք մեզ վրա: Հիշեք խոսքս․ այդ զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»:

Արմեն Աշտոյանն իր ելույթում անդրադարձավ Փաշինյանի Կառավարության մաս կազմած «Ծառուկյան» դաշինքին․ - «Վերջ ի վերջո ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան Կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը անպատասխան չթողեց Աշոտյանի հեգնանքը․ - «Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ ինքը գնա և էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում տեսնի, թե հազարավոր մարդիկ ինչ էին խոսում: Ինքն էլ ներկա էր: Հիշեք էներգետիկ շարժումը և թե Աշոտյանը ով էր հեղափոխությունից առաջ»:

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանն էլ ամփոփեց Հանրապետականի օրոք տարբեր վարչապետերի տված խոստումները՝ աշխատավարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար, ներդրումներ և այլն․ - «Միակ բանը, որ դուք արել եք, ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ ու երկրի Սահմանադրությունը պոլի շոր սարքելու ձեր բեսպրեդելով, ավիրել եք ամեն ինչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG