Մատչելիության հղումներ

Կարեն Ավագյանը «սեփական մաշկը փրկելու համար» է դիմել ՔԿ


Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը (ՀՀԿ), ըստ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի, «սեփական մաշկը փրկելու համար» է Քննչական կոմիտե դիմում ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի յուրացումների մասին:

«Առաջին հայացքից, հենց այդ լուրը բոլորս կարդացինք, բոլորս մի կուշտ ծիծաղեցինք, որովհետև հասկանալի էր, թե ինչքան պրիմիտիվ քայլ է արվել, զուտ սեփական մաշկը փրկելու համար է դա արվել։ Նշանակում է՝ տարիներ շարունակ Երիտասարդական հիմնադրամը որ գործել է, մեր մեջ առկա կասկածները Կարեն Ավագյանը փաստորեն փարատեց, որ այդ հիմնադրամի գումարները արդյունավետ չեն ծախսվել, իր նամակով Քննչական կոմիտեին։ Սա նմանվում է նավից փախչող նավապետին... Չեմ կարծում, որ տնօրենը, առանց հոգաբարձուների խորհրդի գիտության, կարողանար նման մեծ գումարներ մսխել»։

Ըստ Ավագյանի՝ Քննչական կոմիտե ներկայացրած դիմումի, ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է շուրջ 326 մլն դրամի փոխառության պայմանագիր: Հարուցված է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, փոխանցեցին Քննչական կոմիտեից: Այս պահի դրությամբ գործում կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:

«Ինչո՞ւ է Կարեն Ավագյանը հիմա դիմում քննչական մարմիններին, երբ Հայաստանում փոխվեց քաղաքական իրավիճակ և երբ Կրթության և գիտության նախարարությունը սկսեց հետամուտ լինել ոլորտի խնդիրներին», - հարցնում է նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ անձամբ մի քանի անգամ փորձ է արել հանդիպել Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի հետ, սակայն տարբեր պատճառներով հանդիպումը հետաձգվել է․ - «Ու հանկարծ մամուլում մենք տեսնում ենք նմանատիպ բացահայտում այն մարդու կողմից, ով տարիներ շարունակ ՀԵՀ-ի գլխավոր հովանավորն էր եղել։ Եվ նույն մարդը, որ տարիներ շարունակ, ըստ մամուլի նորից, քանի որ անմեղության կանխավարկած կա, մեղադրվում էր այդ գումարների չարաշահման մեջ, մեղադրում է նույն հիմնադրամի տնօրենին, որ հիմնադրամի տնօրենն է այդ գումարները չարաշահել։ Ի դեպ, ասեմ՝ այդ հիմնադրամը այնպիսի մի կառույց էր հոգաբարձուների խորհրդի կողմից, որ անհնար էր հոգաբարձուների խորհրդի և հոգաբարձուների խորհրդի համակարգողի անմիջական չգիտությամբ այդպիսի մեծ գումարներ մսխել»։

«Ցավալի փաստ է տեղի ունեցել», - այսօր արձագանքելով «Ազատության» հարցին, թե արդյոք տեղյակ չի եղել հիմնադրամում տեղի ունեցած յուրացումների մասին, արձագանքեց Կարեն Ավագյանը: - «Իրականում իմ ահազանգի հիման վրա է որոշակի բացահայտումներ եղել: Թողենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական շահարկումներին։ Դրա հետ կապված այսքանը»:

Այլ հարցերի Կարեն Ավագյանը չպատասխանեց։ Երիտասարդական հիմնադրամից ևս փոխանցեցին, որ քանի դեռ գործը քննության փուլում է, զերծ են մնում որևէ մեկնաբանությունից:

Շաբաթներ առաջ Կրթության և գիտության նախարարը բուհերի ռեկտորներին հայտնել էր՝ բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցի 2001 թվականից գործող Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ վստահ է՝ հիմնադրամի միջոցների ոչ փոքր հատվածը տարիներ շարունակ ծառայել է Հանրապետական կուսակցությանը, ինչում իր դերն է ունեցել նաև Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը։

Մինչդեռ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը «Ազատությանն» հետ զրույցում վստահեցրել էր, թե իրենք միշտ գործել են թափանցիկ։ Անցյալ տարի Երիտասադական հիմնադրամի ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 700 միլիոն դրամ կամ մոտ 1,5 միլիոն դոլար: Գումարի գրեթե 60 տոկոսը գոյացել է բուհերի կատարած վճարումներից։

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ասաց, թե սպասվում են սկանդալային նոր բացահայտումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG