Փաստաբանները միջնորդեցին մեկ օրով հետաձգել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը։
Վաղը ներկայացվելու է միջնորդություն ազատ արձակել այս գործով անցնող բոլոր մեղադրյալներին։
10 տարի հինգ ամսվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում։
«Մենք միջնորդեցինք որպեսզի ևս մեկ օրով հետաձգվի դատական քննությունն այն պատճառաբանությամբ, որ մենք ևս մեկ անգամ անդրադառնալու ենք խափանման միջոցների փոփոխության հարցին, դրանք հիմքերի առումով լրացնելու նպատակով ժամանակ խնդրեցինք», - ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Ազատության» հարցին, թե նորի՞ց են միջնորդելու, որ Սեֆիլյանն ու մյուսներն ազատ արձակվեն, Եգորյանը պատասխանեց. - «Այո, բոլոր այս պահին մեղադրվող անձանց կալանքի փոփոխման կապակցությամբ իհարկե առանձին անհատականացման բաղադրիչներով նորից միջնորդություններ են ներկայացվելու, քանի որ նրանց նկատմամբ կալանքն այս պահին որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են իսպառ, այդ կապակցությամբ ներկայացված միջնորդության վերաբերյալ առնվազն դատախազությունը ներկայացրեց իր դիրքորոշումը առարկության բացակայության տեսքով, և դատարանը չի կարող շարունակել անձանց հիմնարար իրավունք հանդիսացող ազատության իրավունքն առանց որևէ հիմքի սահմանափակելու պրակտիկան»։