Մատչելիության հղումներ

Մնացականյան․ Հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից

Մոսկվա այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի երկու պալատների՝ Պետական Դումայի և Դաշնության Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծել են նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին:

Անդրադարձ է կատարվել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջմղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կառավարության ծրագիրը և այնտեղ մատնանշված առաջնահերթությունների հիմնական խնդիրները, կառավարության կողմից մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական:

Հայաստանի արտգործնախարարը և Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Զրուցակիցները կարևորել են հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և կարևորել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարևոր ներդրումը: Մնացականյանը ներկայացրել է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG