Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության կարևորագույն խնդիրն է համարում: Ինչպես նա այսօր հայտարարեց այսօր Ազգային ժողովում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը, այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմը ժողովրդին վերադարձնելը և այդ վերադարձն անբեկանելի դարձնելը:
«Բնական հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա», - նշեց վարչապետը՝ շարունակելով․ - «Անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը մեր երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել, և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների, առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, իսկ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը տնարարական համակարգի միջոցով իշխանություն փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»:
Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում՝ դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր, դուրս գալ ցայտնոտից և պատրաստվել դրանց: «Բացի այդ, այս ժամանակահատվածը քաղաքացիներին հնարավորություն կտա իրականացնել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա», - շարունակեց վարչապետը:
Առաջիկա ժամանակահատվածը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար: «Իսկ այդ փոփոխությունները կլինեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: