Մատչելիության հղումներ

Այս պահին Վանաձորի 4 մանկապարտեզների տնօրենների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով վատնումների և պաշտոնական կեղծիքներ կատարելու փաստով, «Ազատությանը» տեղեկացրեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։

Հայաստանի վերահսկիչ պալատի՝ դեռ 2017 թվականին հրապարակած փաստերի հիման վրա, դատախազությունը ուսումնասիրել և պարզել է, որ Վանաձորի թիվ 19, 30, 32 և 33 մանկապարտեզների տնօրենները տեղակալներ են նշանակել, թեև փոխտնօրենի հաստիք նախատեսված չի եղել: Փոխտնօրենները տևական ժամանակ աշխատել և աշխատավարձ են ստացել։

«Աշխատանքի ընդունված աշխատակիցները, որպես կանոն, եղել են մանկապարտեզների տնօրենների մերձավոր ազգականները՝ մեկի քույրը, մեկի հարսը, մյուսի՝ մեկ այլ մերձավոր ազգականը», - ասաց Լոռու մարզի դատախազը։

Քննությամբ պարզվել է նաև, որ կան աշխատակիցներ, որոնք տևական ժամանակ Հայաստանում չեն եղել, բայց նախադպրոցական հաստատություններում գրանցված են եղել որպես աշխատողներ և նրանց հաշվին գումարներ են փոխանցվել։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անձը սովորելիս է եղել որևէ ուսումնական հաստատությունում և միաժամանակ աշխատել է մանկապարտեզում։

«Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ուղարկել Վանաձորի քաղաքապետին, որի ենթակայությամբ են գործում նշված մանկապարտեզները, միջոցներ ձեռնարկելու հակաօրինական փաստերը վերացնելու ուղղությամբ և քննարկելու այս տնօրենների պաշտոնավարությունը դադարեցնելու հարցը», - ասաց Արսեն Մարտիրոսյանը։

Նախատեսվում է, որ մինչև այս ամսվա վերջ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ կուղարկվեն դատարան։

Դատախազությունը նմանատիպ երևույթներ հայտնաբերել է նաև Լոռու մարզի մի շարք դպրոցներում։ Դեռևս ձեռնպահ մնալով հրապարակել, թե որ դպրոցներն են դրանք, դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասաց. - «Մեխանիզմը կրկին նույն եղանակով է. անձանց ընդունում են աշխատանքի տևական ժամանակով, որոնք, սակայն, չեն հաճախում աշխատանքի, բայց նրանց անուններով փոխանցվում են գումարներ։ Կամ ունենք առանձին քրեական գործ, երբ աշակերտը երեքուկես ամիս Հայաստանում չի գտնվել, բայց կոնկրետ աշակերտի դիմաց նշանակվել են գնահատականներ, ընդ որում՝ բարձր գնահատականներ։ Բնականաբար, և՛ տնօրենի թողտվության, և՛ ուսուցիչների անբարեխիղճ աշխատանքի արդյունքում էս աշակերտը փոխադրվել է հաջորդ դասարան»:

Այս գործով Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Ըստ դատախազի, նախաքննության արդյունքում կքննարկվի ուսուցիչներին ևս դատավարական կարգավիճակ տալու հարցը։ Քննություն է իրականացվում նաև այլ՝ մասնավորապես, մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների վերաբերյալ, ովքեր պարտավոր էին «պատշաճ վերահսկողություն սահմանել»։

Դպրոցներում կեղծիքներ և ապօրինի աշխատավարձեր սահմանելու ուղղությամբ մարզում ևս 3 դպրոցի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG