Մատչելիության հղումներ

Այսօր էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների շուրջ 48 տոկոսը․ հարցում


Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ ընտրությունները մոտենում են եզրագծին․ վաղվանից արդեն թուրքական դեսպանատներում կբացվեն առաջին ընտրատեղամասերը՝ հնարավորություն տալով, որ արտերկրում ապրող շուրջ երեք միլիոն թուրքերը վաղաժամ մասնակցեն քվեարկությանը:

Մինչ այդ, սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենայն հավանականությամբ չի հաջողի առաջին փուլում հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը: SONAR ընկերության՝ երեկ հրապարակած տվյալներով, այսօր էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների շուրջ 48 տոկոսը: Նրա հիմնական մրցակցի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեի օգտին՝ ավելի քան երեսուն: Ընդ որում, ընդդիմադիր թեկնածուի վարկանիշը վերջին շաբաթվա ընթացքում աճել է մոտ 10 տոկոսով՝ ստիպելով 64-ամյա էրդողանին էլ ավելի ակտիվացնել քարոզչական արշավը: Նախօրեին Սակարիայի նահանգում նա անգամ սառնարանների մասսայական օգտագործումն է վկայաբերել՝ իր տևական իշխանավարման հաջողությունները հիմնավորելու համար:

«2002-ին, երբ իմ կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայում մեկ միլիոն սառնարան էր վաճառվել, հիմա՝ ավելի քան երեք միլիոն: Սա նշանակում է, որ Թուրքիայում այլևս աղքատն մարդիկ չկան: Եթե ամեն մի տանը մի սառնարան կա, ուրեմն, մենք հասել ենք բարգավաճման հստակ աստիճանի», - ասել է Էրդողանը:

Ընդդիմության հեգնական արձագանքը չի ուշացել: «Կարելի է կարծել, թե մենք էրդողանից առաջ սնունդը ծառերի փչակներում էինք պահում», - հայտարարել է ընդդիմադիր Մուհարրեմ Ինջեն՝ հավելելով․ - «Թուրքիայի քաղաքացիները սառնարաններ ունեցել են տասնամյակներ առաջ դեռ, ուղղակի էրդողանի իշխանությունը դատարկել է դրանք»:

Էրդողանի մյուս ընդդիմախոսը, որն ըստ սոցիոլոգիական հարցումների, կարող է ստանալ ձայների տասը տոկոսից ավելին, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն է, ով, սակայն, ստիպված է ընտրարշավն անցկացնել ճաղերի ետևում: Նախագահության թեկնածուն երկու տարի է՝ ազատազրկված է Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքներով, որոնց ապացուցման դեպքում թուրքական դատարանը կարող է նրան ավելի քան 140 տարվա ազատազրկման դատապարտել:

Չնայած ծանրագույն մեղադրանքներին՝ ընդդիմադիր գործիչը չի ընկրկում, և փորձում է գործի դնել ամեն մի հնարք՝ ընտրողների հետ գոնե հեռակա շփվելու համար: Այսօր, օրինակ, կնոջ հետ հեռախոսազրույցն էր վերածել նախընտրական, այսպես կոչված, հանրահավաքի:

«էրդողանը կապել է ձեռքերս ու իրեն ենթակա լրատվամիջոցներով իմ դեմ կեղտոտ քարոզարշավ սկսել, բայց մենք, միևնույնն է՝ կհաղթենք», - բանտից հեռախոսով դիմելով իր տանը հավաքված աջակիցներին՝ հայտարարում էր ընդդիմադիր գործիչը: - «Այսօր Թուրքիայի բոլոր քաղաքացիներն են դարձել անարդարության զոհ, էրդողանի բռնապետական վարչակազմը կիսաբաց կալանավայրի է վերածել ողջ երկիրը: Նրանք փորձում են վախի մթնոլորտ տարածել և դրա հիման վրա իշխել, բայց դուք մի ընկրկեք: Դեմիրթաշը ազատազրկված չէ, Դեմիրթաշը դուք եք, ձեզնից յուրաքանչյուրը, վստահեք ձեր ուժերին ու շարունակեք պայքարը»:

Նախագահության ազատազրկված թեկնածուի՝ Թվիթերում տեղադրված այս ուղերձը հարյուր հազարավոր մարդիկ են դիտել, աջակիցներն էլ հայտարարել են, որ շաբաթավերջին նա նաև հեռակա ասուլիս է անցկացնելու՝ սոցիալական ցանցերի միջոցով պատասխանելով ընտրողների հարցերին:

Ընդդիմության թիրախում հայտնված Ռեջեփ էրդողանն էլ իր հերթին ներքաղաքական մարտահրավերները փորձում է չեզոքացնել արտաքին քաղաքականության ու ռազմական հաղթանակների միջոցով: Շաբաթասկզբին նա հայտարարել է, թե Թուրքիան պատրաստվում է ռազմական հարձակում իրականացնել Իրաքի Քդնիլ շրջանի դեմ, որտեղ տեղակայված է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդական աշխատավորական կուսակցության կենտրոնակայանը: Այդ հայտարարությունից ժամեր անց՝ այսօր արդեն թուրքական բանակը հայտարարեց, թե օդային հարվածներ է հասցրել Իրաքի քրդերի դեմ, սպանել վեց ահաբեկիչների ու վերացրել 16 թիրախ:

«Առաջին անգամը չէ, որ ընտրություններում վտանգ զգալու դեպքում էրդողանը հարձակման է անցնում երկրի սահմաններից դուրս, որպես կանոն՝ ռազմական», - վերլուծելով Թուրքիայում ստեղծված ներքաղաքական վիճակը՝ բրիտանական «Թայմսի» հետ զրույցում փաստել է American Progress վերլուծական կենտրոնի փորձագետ Մաքս Հոֆմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG