Մատչելիության հղումներ

Պատգամավորը Նորատուսցի Ալիկին համեմատում է Նիկոլ Փաշինյանի հետ


Դատարանը երեկ մերժել է մամուլի կողմից քրեական հեղինակություն որակված Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանի միջնորդությունը:

Ըստ մեղադրանքի՝ Բանդուրյանը 2016 թվականի նոյեմբերին մի շարք անձանց դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Շենգավիթ վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու հոգի մահացաել էր:

Բանդուրյանին կալանքից ազատելու համար միջնորդել էին Ազգային ժողովի 10 պատգամավորներ՝ «Ելք»-ից Սասուն Միքայելյանը և 9 պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից:

Նրանցից է նաև Սերգեյ Բագրատյանը, ով «Ազատության» հետ զրույցում թեև նշեց, որ անձամբ չի ճանաչում ամբաստանյալին, սակայն նրան նախկին իշխանությունների դեմ պայքարող որակեց՝ համեմատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» հետ․ - «Հանցագործ իշխանությունների որակումները միշտ հակառակն են ժողովրդավարական երկրների համար: Հանցագործ իշխանությունները կալանավորել էին այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կալանավորել են «Սասնա ծռերին», կալանավորել են բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարել են ազատության համար․․․ Ես կարծում եմ, որ Ալիկ Բանդուրյանը և իր նման տղաները պայքարել են նույն իշխանության դեմ․ մեկը քաղաքական ճանապարհով, մեկը փողոցային պայքարի ճանապարհով»:

Հարցին, թե ինչպես է դրսևորվել Բանդուրյանի պայքարը, Բագրատյանն արձագանքեց․ - «Ալիկ Բանդուրյանի պայքարը դրսևորվել է՝ չենթարկվելով հանցագործ իշխանությունների կամքին: Ես ենթադրում եմ, որ այն հանցագործ բանդաները, որ կային նախորդ իշխանությունների ձեռքի տակ, որոնք անվերապահ ենթարկվում էին նրանց, որևէ քրեական պատասխանատվության չէին ենթարկվում: Իսկ եթե Ալիկ Բանդուրյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության, ենթադրվում է, որ այլևս չի ենթարկվել նրանց կամքին»:

Բագրատյանը նշեց, որ չի կարող խմբակցության մյուս գործընկերների փոխարեն պատասխանել, թե ինչու են իրենք ևս ստորագրել երաշխավորագրի տակ, սակայն իր անունից ասաց՝ մարդասիրություն է դրսևորել, քանի որ Ալիկ Բանդուրյանը նաև առողջական լուրջ խնդիրներ ունի:

Բագրատյանն ընդգծեց, որ եթե հնարավորություն ունենար ևս մեկ անգամ կերաշխավորեր ամբաստանյալին:

Իսկ ահա «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պնդում է, որ երաշխավորագիրը ստորագրել է առանց Բանդուրյանի գործին պատշաճ ծանոթանալու, հիմա նման բան չէր անի․ - «Ինձ դիմել են, որ հիվանդության պատճառով, ինքը շատ վատառողջ ա, սայլակի վրա ա: Ես ասում եմ՝ հոդվածը ես չեմ իմացել, թե չէ չէի ստորագրի»:

Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, իր պաշտպանյալը կալանավայրում գտնվելու ժամանակ ձեռք է բերել ողնաշարի տուբերկուլյոզ և անհապաղ բուժման կարիք ունի:

Սարգսյանը հակադարձում է սոցիալական կայքերում հնչող քննադատությանը, թե անկարելի էր քրեական հեղինակությանը ազատ արձակելու համար պատգամավորների այդ նախաձեռնությունը․ - «Ալիկ Բանդուրյանը դատվածություն չունի»:

«Ազատության» դիտարկմանը, թե դա բացատրվում է նրանով, որ նախկին իշխանությունների հովանավորյալն է եղել, ինչը չի նշանակում, որ օրինազանց չէ, փաստաբանն արձագանքեց․ - «Ես գիտեմ, որ էս քրեական գործով ինչ մեղադրանք առաջադրված ա, անհիմն ա»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցնա ասում է դատվածություն չունենալը չափանիշ չէ: Բանդուրյանը հանրության կողմից որպես քրեական աշխարհում հայտնի մարդ է ընկալվում․ - «Հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության բնույթը, երբ ակնհայտորեն իշխանությունը քրեական աշխարհի հետ սերտաճած էր, և անպատժելության կարևոր ինստիտուտներից մեկը հանդիսանում էր հենց քրեական աշխարհի ներկայացուցիչների անպատիժ վարքագիծը, քրեական հեղինակությունները գտնվում էին անպատժելիության այդ համակարգում»:

Իրավապաշտպանի կարծիքով, երաշխավորագիր ներկայացրած 10 պատգամավորները պետք է իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեն: Նրա խոսքով, ՔԿՀ֊ներում առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ինչո՞ւ են հենց Բանդուրյանին երաշխավորել:

Սաքունցը եզրակացնում է՝ եթե երաշխավորում են, նշանակում է այս կամ այն կերպ առնչվել են, ճանաչում են ամբաստանյալին․ - «Այդ պատգամավորներին պետք է մեկ առ մեկ հանրությունը հիշի: Երբ որ ժամանակին նրանք փորձեն նորից առաջադրվեն, ապա պետք է հիշեն, որ այդ պատգամավորները քրեական հեղինակության ներկայացուցչի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել, և իրենց քվեարկությամբ գնահատական տան՝ արդյո՞ք իրենք կողմ են, որպեսզի քաղաքականությունը և կրիմինալ աշխարհը սերտաճված ներկայացված լինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG