Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողները ի մի են բերել այն խնդիրները, որոնք առկա են բուհում, և այսօր Կրթության և գիտության նախարարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասացին, որ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ, քննարկել խնդիրները, սակայն չեն ստացել գոհացնող պատասխաններ։
«Ինստիտուտի ամբողջ ուսանողությունը մի խնդրի շուրջ ա հավաքված, որն է՝ 650 հազար վարձի դիմաց ստանալ ընդամենը թղթի կտոր, որը վաղը ոչ մի հեռուստաընկերությունում չի ունենալու ոչ մի դեր», - ասաց մի ուսանողուհի։
Մյուսը հավելեց․ - «Կան մարդիկ, ովքեր ավարտում են թատերական ինստիտուտը և չեն տեսել ոչ մի նկարահանման հրապարակ»:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Բալդրյանը, ով ապրիլի 25-ին վայր էր դրել Հանրապետական կուսակցության անդամատոմսը, այսօր պնդեց, թե թավշյա հեղափոխության ավարտից հետո ուսանողները հեղափոխություն են ուզում սկսել նաև բուհում․ - «Լսարանային պայմաններում անհնար է ուղղակի դերասան կրթել: 4-րդ կուրսի դիպլոմային ժամանակ էնքան փակ է լինում ուսանողը, որ իրեն ուղղակի թատրոն չեն վերցնում։ Ուսանողական թատրոնը պետք ա ունենա ակտիվ խաղացանկային ներկայացումներ, որ ուսանողները կարողանան պարբերաբար ելույթ ունենալ բեմում»:
Իսկ գրականության դասախոս Հասմիկ Իսրայելյանն ասաց, թե իր դասաժամերը կրճատել են այն բանից հետո, երբ մասնակցել է ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաներին․ - «Որպես դասախոս, ես դիտարկում եմ, որ սա հետապնդում է, որովհետև շարժման առաջին իսկ օրվանից եղել եմ ուսանողների կողքին»:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը զարմացած էր այն լուրից, թե դասախոսի դասաժամեր են կրճատվել. - «Ես հիմա կհարցնեմ: Տիկին Սարգսյան, ահազանգ է եղել, որ մենք կրճատել ենք Հասմիկ Իսրայելյանի ժամերը։ Եվ կրճատել ենք Հասմիկ Իսրայելյանի ժամերը, որովհետև նա եղել է հեղափոխական շարժումների ակտիվ մասնակից»։
Մուրադյանն ասաց, թե կրճատումը հավանաբար ներառված է հաջորդ ուսումնական տարվա նախագծում, որը, սակայն, դեռ չի էլ քննարկվել ու ենթակա է փոփոխությունների:
Անդրադառնալով ուսանողների պահանջներին՝ ռեկտորն արձագանքեց. - «Ես չեմ հասկանում, թե ոնց ա, որ էստեղ չկա պայման դերասան դառնալու, բայց Հայաստանի պետական թատրոնների բոլոր բեմերում մեր շրջանավարտներն են։ Եթե պայման չկա դերասան դառնալու, ո՞նց են նրանց վերցնում Սունդուկյան թատրոն, Արա Երնջակյանի թատրոն, Պարոնյան, ռուսական թատրոն»:
«Ազատության» հարցին, թե ուսանողները բարձրաձայնում են նաև ֆինանսական ոչ արդյունավետ կառավարման մասին, Մուրադյանը պատասխանեց․ - «Ես ուրախ կլինեմ, որ այդ փաթեթը [ուսանողների կազմած] ուսումնասիրեն այնտեղ, որտեղ այդ փաթեթը հանձնված է, և եթե նկատեն ինչ-ինչ խնդիրներ, հրավիրեն մեր ուշադրությունը, մենք դրանով զբաղվենք, մենք շնորհակալ կլինենք։ Ինչ վերաբերում է ֆինանասկան ոչ արդյունավետ կառավարմանը, ես դժվարանում եմ հասկանալ, թե էդ ինչ օրինակների վրա է, որովհետև հնարավորինս փորձել ենք այս չորս տարիների ընթացքում բարեկարգել, հնարավորինս թարմացնել, մեր ուսանողներին աջակցել»:
Ուսանողները իրենց խնդիրներն ամփոփող փաթեթը փոխանցեցին Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին, ով խոստացավ հանդիպել ռեկտորի հետ և լուծումներ գտնել: