Մատչելիության հղումներ

Բաքվի կենտրոնում անհայտ անձանց կողմից առևանգված փաստաբան Էմին Ասլանը, ում գտնվելու վայրը իրավապահները մինչ այս պահը չեն հայտնում, երեկ 30 օրով կալանավորվեց: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ոստիկանի պահանջներին չենթարկվելու մեջ: Հաղորդվում է, որ դատարանը նման որոշում է կայացրել պաշտպանական կողմի բացակայության պայմաններում: Էմին Ասլանի պաշտպան Էլչի Սադիգովին թույլ չի տրվել ներկա լինել դատական նիստին:

Երիտասարդ փաստաբանը առևանգվել է Միացյալ Նահանգներից վերադառնալուց 4 օր անց: Նա ԱՄՆ էր մեկնել Սիրակուզի համալսարանի իրավաբանական գիտությունների մագիստրոսի դիպլոմը ստանալու: Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Էմին Ալսանը հայտնի է իրավապաշտպան գործունեությամբ՝ մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան ադրբեջանցիների հայցադիմումների նախապատրաստմամբ:

Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որով փաստաբանին առևանգել են, պատկանում է Թեյմուրով Մեհման Վագիֆ օղլուին: Ըստ լրագրողի՝ խոսքը ամենայն հավանականությամբ, ՆԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի մասին է, ով աչքի է ընկել 2015 թվականին Նարդարանի հատուկ գործողությունների ժամանակ:

Թե որն է երիտասարդ փաստաբանին առևանգելու և կալանավորելու պատճառը, պաշտոնական մարմինները չեն մեկնաբանում: «Թուրան» գործակալությունը գրում է, որ ՆԳՆ-ն չի պարզաբանել նաև անցած օրերին փաստաբանի գտնվելու վայրի մասին նրա հարազատների և լրատվամիջոցների հարցումները:

Գործակալությունը նշում է, որ Էմին Ասլանի կալանքի հիմքում նրա իրավապաշտպան գործունեությունն է: - «Ենթադրվում է, որ իշխանությունները որս են իրականացնում նրանց դեմ, ովքեր արտասահմանում մասնակցում են հակակառավարական ակցիաներին և օգնում ֆինանսավորում գտնել ընդդիմության և քաղհասարակության համար»,- գրում է «Թուրանը», բերելով գործարար Սալեխ Ռուստամովի օրինակը, ում ևս զարմիկի հետ միասին «առևանգել էին և խոշտանգումների ենթարկել իրավապահ մարմիններում՝ թույլ չտալով տեսակցել պաշտպանների հետ և չհայտնելով նրանց գտնվելու վայրը»:

Փաստաբան էմին Ասլանի կալանքը տեղի է ունենում Ադրբեջանում վերջին օրերին վերսկսած ձերբակալությունների նոր ալիքի ֆոնին: Իրավապահները անցյալ շաբաթ 25-30 օրվա վարչական կալանքի են ենթարկել մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների՝ մասնավորապես REAL «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցությունից, ովքեր մասնակցել էին Ադրբեջանի առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված ընդդիմության երթին:

Ակցիայի կազմակերպիչներից է REAL-ը՝ Ադրբեջանի թերևս ամենաակտիվ ընդդիմադիր ուժը, որի հիմնադիրն ու փաստացի առաջնորդը, հիշեցնենք, ադրբեջանցի ամենահայտնի քաղբանտարկյալներից է: Յոթ տարվա ազատազրկման դատապարտված Իլգար Մամեդովը արդեն հինգ տարի է՝ ճաղերի ետևում է: Ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Նախօրեին, ի դեպ, սպառվեց Մամեդովին ազատելու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած երկրորդ որոշման վերջնաժամկետը: Ստրասբուրգյան դատարանի որոշել է, որ ադրբեջանցի քաղաքական գործչի ազատազրկումը ապօրինի է և պահանջում է ազատ արձակել նրան և որպես փոխհատուցում վճարել 10 հազար եվրո: Պաշտոնական Բաքուն, սակայն, հրաժարվում է կատարել այդ պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG