Մատչելիության հղումներ

«Նախաքննության մարմինը դրսևորել է անհարկի շտապողականություն». Գլխավոր դատախազություն


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ սույն թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը, Սարգիս Սահակյանը, Գևորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը, Արթուր Խանջյանը, իսկ նույն վարչությունում՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Կարեն Տոնոյանը և Էդմոնդ Պետրոսյանը:

Ըստ դատախազության, նախաքննության մարմինը հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան:

«Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի, Կարեն Տոնոյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են՝ մեղադրյալներին վերագրվող հանցագործությունը վերջիններիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ դատախազության, Գլխավոր դատախազությունում Դ.Համբարձումյանի, Ս.Սահակյանի, Գ.Համբարձումյանի, Ա.Խանջյանի և Է.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում դրանք բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել:

«Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին», - հայտնում է դատախազությունը՝ շարունակելով. - «Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ պետք է փաստել, որ նախաքննության մարմինը դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը»։

Ըստ դատախազության հաղորդագրության, վերը նշված քրեական գործերով պատշաճ, օբյեկտիվ և արդյունավետ քննություն կատարելն ապահովելու, պատշաճ ապացուցողական բազա ապահովելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից նախաքննության մարմնին գրավոր ցուցումներ են տրվում:

«Դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը լիարժեք պարզելու, նրանց մասնակցությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության պետին: Միաժամանակ, նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման ընթացքում՝ ապրիլի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում մի խումբ դիմակավոր անձինք հարձակվել էին երթ իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով ու էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել էին մարմնական վնասվածքներ: Այս գործով Մասիսի քաղաքապետից և փոխքաղաքապետից բացի, մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի, նրանցից միայն մեկն է կալանավորված:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG