Մատչելիության հղումներ

Դատախազությունը կրկին միջնորդել է կալանավորել Մասիսի փոխքաղաքապետին


Ապրիլի 22-ի անկարգությունը Էրեբունիում
Ապրիլի 22-ի անկարգությունը Էրեբունիում

Դատախազությունը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Ըստ կառույցի հաղորդագրության՝ դատարան են ներկայացվել «հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները»։

Հունիսի 2-ին դատարանի որոշմամբ մերժվել էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

«Նշված դատական ակտով դատարանն արձանագրել է Օհանյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը և հանգել հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Օհանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած: Այլ խոսքով դատարանը գտել է, որ մեղադրյալ Կարեն Օհանյանի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում նրան վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին»,- նշված է հաղորդագրությունում։

Դատախազությունը, սակայն, հայտարարում է, որ մանրամասն ուսումնասիրվել է հունիսի 2-ի դատական ակտը, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրան կից ներկայացված նյութերով հանդերձ և «արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա՝ երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Օհանյանի առնչությունը»:

«Իսկ դատարանի նշված որոշման հիշյալ հիմնավորումները և մեկնաբանությունները բացառապես պայմանավորված են եղել մեղադրյալ Օհանյանի վերաբերյալ նախաքննության ընթացում ձեռք բերված ապացույցները դատարանի տրամադրության տակ չլինելով»,- հայտարարում է դատախազությունը։

Էրեբունու անկարգությունների գործով մեղադրվում է 6 անձ, այդ թվում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով ևս դատարանի որոշմամբ չկալանավորվեց։ Այսօր ավելի վաղ դատախազության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի պաշտոնավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG