Մատչելիության հղումներ

Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել


Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին նոր մեղադրանք է առաջադրվել՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով անցնող վկաներին ճնշելու համար:

Առաջադրված մեղադրանքները հնչեցրել է գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:

Մեղադրող կողմը դիմել է դաշնային դատարանին՝ խնդրելով փոխել Մանաֆորտի խափանման միջոցը, ով այժմ տնային կալանքի տակ է:

Ըստ Մյուլերի, դատավարությանը սպասող գրավի դիմաց ազատության մեջ գտնվող Մանաֆորտը, մասնավորապես, փորձել է կապ հաստատել The Hapsburg Group լոբբիստական ընկերության երկու ներկայացուցիչների հետ: Մանաֆորտը, ով ի դեպ ընկերության համահիմնադիրներից է, այդտեղ աշխատել է մինչև 2014 թվականը՝ զբաղվելով հիմնականում Ուկրաինայի գահընկեց արված պուտինամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա «Ռեգիոնների կուսակցության» շահերի սպասարկմամբ:

Հետաքննությունների դաշնային գործակալությունն ունի փաստաթղթեր, հեռախոսազրույցների ձայնագրություններ և այլ նյութեր, որոնք վկայում են, որ Մանաֆորտը փորձել է կապ հաստատել հավանական վկաների հետ, ինչը հակասում է 2017 թվականի հոկտեմբերին գրավի դիմաց ազատ արձակվելու պայմաններին:

Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ քաղտեխնոլոգներից համարվող Փոլ Մանաֆորտը մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Մեղադրող կողմը, մասնավորապես, պնդում է, որ Մանաֆորտն ու նրա գործընկերը տարիներ առաջ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստացել Ուկրաինայում աշխատելիս, լվացել են այդ միջոցները օֆշորային գոտիներում, խուսափել հարկային պարտավորություններից ու լոբբիստական գործունեություն ծավալել՝ առանց այդ մասին ամերիկյան իշխանություններին տեղյակ պահելու: Նա Թրամփի նախընտրական շտաբը գլխավորել է մոտ երեք ամիս և ստիպված էր հրաժարական տալ ընտրություններից առաջ, երբ ամերիկյան մամուլում հրապարակումներ եղան Յանուկովիչի հետ կապերի վերաբերյալ:

Մանաֆորտը նաև ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով տարվող հետաքննության առանցքային դերակատարներից է: 2016 թվականին նա, գլխավորելով հանրապետական թեկնածու Թրամփի նախընտրական շտաբը, Թրամփի որդու հետ մասնակցել է ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպմանը: Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, թե ժամանակին Մանաֆորտը պատրաստ է եղել ռուս միլիարդատեր, Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի օլիգարխ Օլեգ Դերիպասկային տեղեկություններ հաղորդել Թրամփի նախընտրական արշավի մասին: Մանաֆորտը հերքում է իր հասցեին թե՛ ֆինանսական, և թե՛ քաղաքական մեղադրանքները:

Թրամփի նախընտրական թիմի և ռուսների միջև հնարավոր դավադրության մասին ամերիկյան իրավապահների կասկածները կտրականապես հերքում է նաև Սպիտակ տան ղեկավարը, ով այսօր հայտարարել է, թե այդ հարցով ինքն իրեն ներում շնորհելու` օրենքով վերապահված բացարձակ իրավունք ունի, բայց և կրկին պնդելով, թե այդ հարցում անմեղ է:

«Ինչպես բազմիցս հայտարարել են իրավունքի հարցերով մասնագետները, ես ունեմ ինքս ինձ ներում շնորհելու բացարձակ իրավունք, բայց ինչո՞ւ պետք է նման որոշում կայացնեմ, եթե ոչ մի վատ բան չեմ արել», - Թվիթերի էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG