Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարության 3 խոշոր ծրագրերի ժամկետները հետաձգվում են


Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ

Սփյուռքի նախարարությունը ժամանակավորապես հետաձգում է 3 խոշոր ծրագրերի անցկացման ժամկետները։ Խոսքը «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի մասին է։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը ու իր այս որոշումը պատճառաբանեց դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով։

Մոտ մեկ ամիս ղեկավարելով գերատեսչությունն ու ուսումնասիրելով երեք ամենամյա ծրագրերի ֆինանսական փաստաթղթերը՝ Հայրապետյանն իր թիմի հետ հասկացել է՝ դրանցում բազում վիճահարույց հարցեր կան․ - «Մենք առնվազն չենք բացառում, որ 2018թ․ պետբյուջեով հաստատված ծրագրերը, որոնք դեռևս չեն իրականացվել, սակայն անցկացվել են համապատասխան մրցույթներ, դրանցում կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր: Իսկ քանի որ մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության հարկատուների առաջ, կարծում ենք, որ մեր գործունեության առաջին իսկ օրվանից սկսած մենք պարտավոր ենք լինել հաշվետու, բաց ու թափանցիկ»:

Երեք ծրագրերի ֆինանսավորումը միասին կազմում է 290 միլիոն դրամ՝ մոտ 600 հազար դոլար։ Թե այդ գումարից որքան է իրականում ծառայել նպատակին՝ կպարզվի Պետական վերահսկողական ծառայության աուդիտի արդյունքում։ Իսկ մինչև այդ նախարարը դեռ սեփական ուսումնասիրության արդյունքներն է ներկայացնում։

Առաջին կասկածը տենդերների անցկացումն է հարուցել։ Նախորդ երեք տարիների արդյունքները դիտարկելով՝ նախարարության նոր թիմը հայտարարում է՝ մրցույթներում հիմնականում հաղթել են նույն կազմակերպությունները։ Հայրապետյանը չի շտապում անուններ տալ, բայց ասում է՝ չի բացառվում, որ այդ ՍՊԸ-ները կապ ունենան նաև նախարարության նախկին կազմի հետ․ - «2016-ին նույն կազմակերպությունը շահել է տասից ավելի տենդեր, 2017թ․ նույն կազմակերպությունը շահել է ութ տենդեր, 2018թ․ ընթացիկ տվյալներով նույն կազմակերպությունը շահել է յոթ տենդեր: Դեռևս հիմքեր, փաստեր չկան, սակայն կան խոսակցություններ, որ սույն ՍՊԸ-ների գոնե մի մասը անմիջական կապեր ունեցել են ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարության կամ այս կամ այն աշխատակիցների հետ»:

Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսվող սննդի գներն էլ են ուռճացված եղել։ Հայրապետյանն ասում է՝ ամեն մասնակցի երկուանգամյա սննդի համար նախարարությունը մրցույթը հաղթած ՍՊԸ-ին վճարել է 8,000 դրամ։ Թեև սա օրինականության սահմանում է եղել, բայց նախարարը զարմանում է՝ 4,000 դրամով այդ ինչ տեսակի սնունդ էր մատուցում պատասխանատու կազմակերպությունը։

«Յուրաքանչյուր քաղաքացու համար, որ քրտնաջան աշխատում է ու հարկ է վճարում, կառաջանա շատ տրամաբանական հարց՝ ընկերներ, 4,000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի, օրինակ լինի՝ գա՞ռ պիտի մատուցեն ամեն մի երեխայի համար մեկական, կամ սև խավիա՞ր», - հարցնում է նախարարը:

Ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի շարքն այսքանով չի ավարտվում։ Նախարարը նաև տրանսպորտի ծախսն է կասկածելի համարում։ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին հյուրանոցից մինչև Պետհամալսարան երկկողմանի տեղափոխելու համար նախարարությունը վճարել է 1300 դրամ, այնինչ նշված կետերի հեռավորությունը չի գերազանցել անգամ 1.5 կմ-ը։

Հայրապետյանը նշում է՝ ծրագրերի ժամանակավորապես հետաձգման որոշումը այս ու մյուս փաստերի արդյունքում է կայացվել։ Չէինք կարող թույլ տալ, որ կոռուպցիայի ամենավերջին դրսևորումներն իրագործվեն մեր պաշտոնավորման օրոք՝ ասում է նախարարը։

«Ծրագրերը կհետաձգվեն, ծրագրերի նոր ժամկետները կհրապարակվեն մեր կողմից առաջիկա օրերի ընթացքում», - նշեց նա:

Նորանշանակ նախարարին, սակայն, հակադարձում է գերատեսչության աշխատակազմի նախկին ղեկավարը։ Ֆիրդուս Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ նախ պետք էր աուդիտ անցկացնել, հետո միայն հայտարարություններ անել։ Ինչ վերաբերում է ուռճացված ծախսերին, ապա, Զաքարյանի խոսքով, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցների սննդի համար նախորդ տարիներին ծախսվել է 1,800 դրամ, իսկ այս տարի՝ 2,100 դրամ։

«Էնտեղ 4,000 դրամի մասին խոսք լինել չի կարող, ես չգիտեմ՝ այդ աղբյուրը որտեղից է և նախարարը ինչ աղբյուրից է օգտվել: Ինչ վերաբերում է «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» փառատոն և այլն, մասնակիցները որտեղ արդեն մեծահասակներ են, այնտեղ համեմատաբար գումարը մեծ է եղել՝ 3,500 դրամի սահմաններում է», - ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը՝ շարունակելով․ - «Համենայն դեպս, ինչ էլ որ արվել է՝ դա արվել է սփյուռքահայերի համար: Համենայն դեպս, չկա այնպիսի մի բան, որի համար ես ինքս կարմրեմ, կամ ասեմ՝ էսպիսի բան․․․ Աշխատել ենք խղճով, թողել ենք կայացած մի կառույց»:

Ինչ վերաբերում է տարիներ շարունակ տենդերները շահած նույն կազմակերպություններին, ապա Զաքարյանն ասում է՝ դրանում որևէ քրեական հանցանք չկա, ով լավ է աշխատել, նա էլ շահել է։ Ֆիրդուս Զաքարյանին չի մտահոգում նաև այն փաստը, որ առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնելու։

Սփյուռքի ներկայիս նախարարը վստահեցրեց, որ 2018-ի այդ ծրագրերը իրականացվելու են։ Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ 2009-ից իրականացվող «Արի տուն» ծրագիրը, որով ամեն տարի հայրենիք են այցելում 13-17 տարեկան հազարավոր երիտասարդներ, կմիավորվի «Սփյուռք» ամառային դպրոցին և կներկայացվի ավելի ընդգրկուն ու ավելի բովանդակային մի մեծ ծրագրի տեսքով։ Երիտասարդ նախարարը խոստանում է նաև այս տարի իրականացնել մեկ այլ նոր, մեծ ծրագիր, որի բովանդակությունը կներկայացվի առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG