Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը վարկ է տրամադրել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը կառուցող ընկերությանը


Ռուսական «Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը կառուցող օպերատոր ընկերությանը հինգ տարով 2․1 միլիարդ եվրոյի վարկ է տրամադրում՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով, ընդ որում՝ տոկոսը կարող է ընթացքում վերանայվել։ Այդ մասին հայտնում է «Վեդեմոստի» պարբերականը։

«Թուրքական հոսք»-ի ծովային հատվածը «Գազպրոմ»-ը սկսել է կառուցել անցած ամառ։ 950 կիլոմետրանոց հատվածից կառուցվել է արդեն 224 կիլոմետրը։

Հունվարին «Գազպրոմ»-ը ստացել էր Թուրքիայի տարածքում ծովային հատվածի կառուցման թույլտվություն։ Մայիսի վերջին «Գազպրոմ»-ն ու Թուրքիայի կառավարությունը պայմանավորվել էին Թուրքիայի տարածքի ցամաքային հատվածի կառուցման շուրջ, ստորագրվել էր արձանագրություն, ընդ որում՝ թուրքական կողմն այս արձանագրության ստորագրումը հետաձգում էր, մինչև որ չստացավ Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող գազի ավելի մատչելի գին։

Թուրքական գազատարի ցամաքային հատվածը կառուցելու է ռուս-թուրքական ընկերությունը։

«Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար։ Այն թույլ է տալու շրջանցելով Ուկրաինայի տարածքը ռուսական գազը հասցնել Եվրոպայի հարավային և հարավ-արևելյան երկրներ։

Երկու գազատար է այս ծրագրի շրջանակում կառուցվում՝ մեկը թուրքական սպառողի համար, մյուսը՝ եվրոպական։

Ռուսական ընկերությունը ծրագիրը գնահատում է 7 միլիարդ դոլար։

«Գազպրոմ»-ի ֆինանսական տնօրեն Անդրեյ Կրուգլովն ավելի վաղ ասել էր, որ իրենք չեն կարծում, թե կկարողանան թուրք ներդրող գտնել ծրագրի համար, և այն ամբողջությամբ ֆինանսավորելու է ռուսական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG