Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը երկխոսության է գնում ցուցարարների հետ


Վրաստան – Զազա Սարալիձեն և նրա կինը՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո, Թբիլիսի, 4-ը հունիսի, 2018թ․
Վրաստան – Զազա Սարալիձեն և նրա կինը՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո, Թբիլիսի, 4-ը հունիսի, 2018թ․

Վրաստանում իշխանությունները փորձում են հանդարտեցնել անցած շաբաթվանից բորբոքվող բողոքի ալիքը: Ժամեր առաջ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին որոշեց երկխոսության գնալ ցուցարարների հետ և փակ դռների ետևում հանդիպել Զազա Սարալիձեի՝ անցած տարեվերջին սպանված 16-ամյա Դավիդ Սարալիձի հոր հետ:

Ավելի վաղ իշխող մեծամասնությունը համաձայնել էր ընդդիմությանը հանձնել հատուկ այս գործով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարումը: - «Ընդդիմադիրներն այս հանձնաժողովում նաև ձայների մեծամասնություն կունենան», - հայտարարել էր խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Այսօրվա հանդիպմանը որոշվեց, որ հանձնաժողովն ունենալու է 17 անդամ, որոնցից 9-ը կլինեն ընդդիմությունից: Որոշվեց նաև, որ հանձնաժողովը կառաջնորդի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը:

Իշխող «Վրացական երազանքը», ըստ էության, ստիպված էր զիջումների գնալ. անցած շաբաթ սկսված բողոքի ցույցերն օր-օրի դառնում էին ավելի մարդաշատ՝ Թբիլիսիից տեղափոխվելով վրաստանյան խոշորագույն այլ քաղաքներ: Եվ եթե անցած շաբաթ սպանության գործով անցնող երկու կասկածյալներին արդարացնելուց հետո որդեկորույս ծնողները փողոցում արդարադատություն էին փնտրում, ապա երեկ արդեն հստակ քաղաքական պահանջներ էին հնչում՝ կառավարության հրաժարականից մինչև խորհրդարանի լուծարում:

«Մինչ օրս, ինչպես գիտեք, ես չէի ուզում, որ քաղաքական գործիչները միջամտեն այս գործին, սակայն հիմա որոշել եմ դիմել բոլոր քաղաքական ուժերին, և ոչ միայն քաղաքական», - հայտարարում էր Զազա Սարալիձեն: - «Ես խոստացել եմ իմ որդուն՝ նրա սպանության համար մեղավոր յուրաքանչյուր ոք պետք է պատժվի, և ես պատրաստ եմ ցանկացած քայլի դիմել, որպեսզի այս համակարգն ու այս կառավարությունը տապալվի, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ միանալ մեզ հետ այս պայքարում»:

Ընդդիմադիրները նախօրեին արդեն իրենց համերաշխությունն էին հայտնել ցուցարարներին ու մի քանի ժամ շարունակ որդեկորույս Զազղա Սարալիձեի հետ քննարկել հետագա քայլերը: Իշխող «Վրացական երազանքն» էլ իր հերթին էր գործադիր մարմնի արտահերթ նիստ անցկացրել, որին, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, ներկա էր եղել նաև կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: - «Ոմանք փորձում են օգտվել այս իրավիճակից և մարդկանց ողբերգությունն իրենց շահերին ծառայեցնել, մենք դա թույլ չենք տա», - հայտարարել էր վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: - «Որոշակի ծայրահեղական խմբեր փորձում են անկայունության տրամադրություններ սերմանել Վրաստանում ու հակաիրավական պահանջներ դնել: Մենք, սակայն, նրանց նման բան թույլ չենք տա: Մեր իշխանությունը հոգ կտանի, որպեսզի հասարակությանը հուզող հարցերը պատշաճ պատասխաններ ստանան, երկրի կայունությունն էլ երաշխավորվի»։

Ցուցարարները, սակայն, մտադիր չեն նահանջել: Որդեկորույս Զազա Սարալիձեն վարչապետի հետ ժամեր շարունակված դռնփակ հանդիպումից հետո՝ քիչ առաջ, հայտարարել է, թե տասն օր ժամանակ է տալիս կառավարությանը՝ սպանությունը բացահայտելու համար:

«Ես մնում եմ իմ դիրքորոշմանը, և չեմ պատրաստվում տուն գնալ: Եթե մինչև հունիսի 10 հստակ քայլեր չարվեն, հենց այստեղից ես կհորդորեմ ողջ Վրաստանին միանալ ինձ ու պահանջել իշխանության հրաժարականը», - հայտարարել է Սարալիձեն՝ պնդելով՝ առաջիկա օրերին պետք է կալանավորվեն ոչ միայն սպանության մեղավորները, այլև քննիչները, դատախազները և նրանց հովանավորող պաշտոնյաները:

Անցած տարեվերջին սպանված դպրոցականների ծնողները պնդում են՝ ամիսներ շարունակված քննության ընթացքում դատախազները կոծկել են ճշմարտությունն ու վերացրել իրեղեն ապացույցները: Բողոքի ցույցերի մեկնարկից հետո Վրաստանի գլխավոր դատախազը ստիպված էր հրաժարական ներկայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG