Հայաստանի տնտեսությունը կախված չլինելով մեկ աղբյուրից՝ նավթից կամ գազից, միաժամանակ զարգացման մեծ ներուժ ունի: Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ:
Սարգսյանը մասնավորապես հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործության բնագավառները, բանակային համակարգն ու ծառայությունների ոլորտը: Զարգացման լուրջ հնարավորություններ ունի նաև կրթական համակարգը: Նրա խոսքով՝ այս ուղղությունները համասեռ զարգանալով՝ կարող են տնտեսության կայուն աճ ապահովել:
«Իսկ մեր մեծ հարստությունը մի բան է, որը երբեք չի վերջանա, որովհետև հազարավոր տարիներ չի վերջացել. դա ձեր հայ լինելն է, ձեր գենետիկան է: Դուք բոլորդ խելացի եք: Ուղղակի պետք է լինեք աշխատասեր, ազնիվ, նվիրված և հպարտ նրանով, ինչ որ եք», - նշել է Արմեն Սարգսյանը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: