Մատչելիության հղումներ

Սպանություն «Ոսկու աշխարհ» տոնավաճառում. կասկածյալը ձերբակալվել է


Երևանի «Ոսկու աշխարհ» տոնավաճառում, արխիվ
Երևանի «Ոսկու աշխարհ» տոնավաճառում, արխիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։

«Հունիսի 2-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Արմեն Ավդալյանը։ Վերջինս հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Մովսես Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Նույն օրը՝ ժամը 22.05-ի սահմաններում, Երևանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերության ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ կանչով Մ. Խորենացի 24 հասցե մեկնած թիվ 01 բրիգադան «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Արամ Ասատրյանի դիակը՝ կտրած-ծակած վնասվածքով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի («Սպանության փորձ») 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած աձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

«Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների և նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ. Ղահրամանյանի ու նրա ընկերների միջև, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա. Ավդալյանին և Ա. Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ա. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա. Ավդալյանը` տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Դեպքի վայրի զննության ընթացքում վերցվել են տեսանկարահանման համակարգի տեսագրությունները, զննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

«Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Երևանի բնակիչ է, բարձրագույն կրթությամբ, ծնված 1983թ. և «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սովորում է ոսկերչություն։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Վերջինս ներկայացրել է հանցագործության կատարման գործիք հանդիսացած դանակը», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG