Մատչելիության հղումներ

Պայթյուն Վարդենիսում․ հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։

Երեկ ժամը 5:05-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան խանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վնասվել են Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 13-րդ շենքի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահների ապակիները, ինչպես նաև հիշյալ շենքի մի շարք բնակարանների ապակիներ: Պայթյունի օջախը գտնվել է նշված խանութ-սրահների դիմային հատվածում: Նախնական տվյալներով՝ գործարկվել է պայթուցիկ նյութ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Փաստի առթիվ կիրակի օրը Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք) 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել), կատարվում է նախաքննություն:

«Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել է տեսաձայնագրության զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG