Մատչելիության հղումներ

«Որպես Եվրոպական միություն՝ պատրաստ ենք օգնել Հայաստանին». Սվիտալսկի


Եվրոպական միությունը պատրաստ է օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նա նշեց՝ Եվրամիության մի շարք կոնկրետ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են։

«Որպես Եվրոպական միություն՝ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին։ Այս պահին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանին աջակցելու մեր մի շարք կոնկրետ ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են։ Մենք կտեսնենք, թե կառավարության նոր ծրագրում ինչ կա, և պատրաստ ենք քննարկել, թե տեխնիկական մակարդակում ինչպիսի աջակցություն կարող ենք առաջարկել։ Չեմ կարող շատ բան բացահայտել, բայց կարող եմ արդեն իսկ հաստատել, որ մենք նոր կառավարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այն մասին, որ սեպտեմբերին Եվրամիության հատուկ խումբ կժամանի Հայաստան, որը կանցկացնի, այսպես կոչված, գործընկերային հետազոտություն։ Դրա նպատակն է հայաստանյան գործընկերների հետ կիսվել կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական փորձով։ Մենք կբերենք Եվրամիության անդամ երկրներից լավագույն փորձագետներին, ովքեր ունեն փորձ և գիտելիքներ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով, և այդ փորձը կքննարկենք հայաստանյան գործընկերների հետ, դա տեղի կունենա սեպտեմբերին», - ասաց դեսպանը։

Դեսպանի համոզմամբ՝ Եվրոպան շատ բան ունի ցույց տալու Հայաստանին կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու առումով։

«Ես վստահ եմ, որ Եվրոպան շատ բան ունի ցույց տալու այն առումով, թե ինչպես կարելի է արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ, նույնիսկ եթե դա բավարար չէ, որովհետև կոռուպցիա կա ամեն տեղ և միշտ։ Եվ այսպես, սեպտեմբերին կառավարության հետ մեր պայմանավորվածության համաձայն կանցկացվի այդ գործընկերային հետազոտությունը։ Կառավարությունը հնարավորություն կունենա ուսումնասիրել, դասեր քաղել Եվրոպական միության փորձից և ինքը կորոշի, թե այդ փորձի որ մասն է կիրառելի Հայաստանում», - ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG