Մատչելիության հղումներ

«Համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի»․ Մանե Թանդիլյան


Մանե Թանդիլյան, արխիվ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախօրեին Վանաձորում լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իր ղեկավարած ոլորտում հնարավոր է չարաշահումներն արագ բացահայտել։ Թանդիլյանի խոսքով՝ արդեն իսկ կան աղմկահարույց գործեր, կապված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների հետ:

Նորանշանակ նախարարը հավաստիացնում է՝ իրավապահ մարմինների, նաև քաղաքացիների հետ սերտ համագործակցության արդյունքում չարաշահումները շատ արագ կբացահայտվեն: «Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր տարբեր տեղերից, տարբեր պատճառներով, տարբեր մարդկանցից: Այն, ինչ կատարվում է համակարգում, այդ բոլորի ետևում կա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ ու գնահատականներ, և՛ հիմնավոր, և՛ ոչ այնքան: Այդ ամենով զբաղվում են իրավապահ մարմինները: Մեր յուրաքանչյուր աշխատակից պետք է իմանա, որ ժամանակներն այլևս փոխվել են»,- ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, թե նախարարությունում և տարածքային կառույցներում կադրային ջարդ չի անելու, բայց բոլորին հստակ զգուշացրել է՝ աշխատելու նախապայմանը նվիրված աշխատանքն է․ «Իրենց այցեքարտը և աշխատելու նախապայմանն աշխատանքն է, լավ, որակյալ, նվիրված աշխատանքը: Դա է լինելու երկարաժամկետ և ապահով աշխատելու երաշխիքը, ուրիշ ոչինչ»:

Առաջիկայում կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, բայց, ըստ Թանդիլյանի, այդ ուղղությամբ մտածում են: Նախարարի խոսքով՝ համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի: «Նպատակներ կան, ես չէի ուզենա այս պահին խոստումներ տալ, բայց պետք է իմանաք, որ մենք նաև այդ առումով ռեֆորմների և արմատական լուծումների կարիք ենք տեսնում: Ժամանակը ցույց կտա»,- ասաց նախարարը:

Հարցին՝ արդյո՞ք ոլորտում կուտակված խնդիրները նախկին իշխանությունների վատ կառավարման հետևանք են, Թանդիլյանը պատասխանեց՝ արդյունավետության խնդիր միշտ էլ եղել է․ «Ես ինքս էլ հաճախ քննադատել եմ անարդյունավետ ծախսերը, այնպես որ դա դիտարկման տակ է: Մենք պարբերաբար քննարկում ենք, թե ինչպես վարվենք, որ ամեն դրամ փոխհատուցվի և հետ գա մեր ժողովրդին բարիքի տեսքով և մաքսիմալ արդյունավետ կերպով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG