Մատչելիության հղումներ

Մարզը չեմ կուսակցականացնելու․ Շիրակի նորանշանակ մարզպետ


Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը, Գյումրի, 1-ը հունիսի, 2018 թ․

Շիրակի նորանշանակ մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը նշանակումից ժամեր անց արդեն աշխատավայրում էր: Ոտքով էր եկել: Ասաց՝ թեև ծառայողական մեքենա ունի, բայց իրեն հաճախ կտեսնեն ոտքով աշխատանքի գնալիս: Նոր մարզպետը չթաքցրեց՝ կադրային փոփոխություններ են լինելու:

«Կլինեն անպայման, այն մարդիկ, ում հետ ես զգամ, որ չեմ կարողանում աշխատել, անպայման կփոխարինվեն: Փոխմարզպետների հարցը կառավարության որոշման հետ է կապված, այս ընթացքում կտեսնենք՝ մոտ ժամանակներում»,- այսօր լրագրողներին ասաց Կարեն Սարուխանյանը:

«Ինձ համար հեշտ կլինի աշխատել, քանի որ տեղից եմ, խնդիրներին ծանոթ եմ»,- հայտարարեց մարզպետը, հավելելով՝ առաջնային է համարում աշխատատեղերի ստեղծումը․ «Ժողովուրդ ջան, բան է փոխվել, շատ բան է փոխվել, և՛ ներդրումների մասով, և՛ այլ․․․ ամեն ինչը մոտ ապագայում բոլորս կտեսնենք: Մեր երկրի հեղինակությունը բարձրացել է, ներդրումների հոսքը շատ ավելին է լինելու: Աշխատելու ենք ստեղծել մեխանիզմներ, որ ոչ մի ներդրում կատարելու ցանկություն ունեցող մարդու հանկարծ դիլխոր չթողնենք»:

Մասնագիտությամբ մանկավարժ Սարուխանյանն ասում է, թե քաջածանոթ է կրթական ոլորտում տիրող բացասական երևույթներին․ առաջնահերթորեն պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ: Նրա խոսքով, Շիրակի մարզում կոռուպցիան այդ ոլորտում «գերակշռում է», և ամեն ինչ անելու են այն վերացնելու համար:

Մարզպետների կուսակցական պատականելությամբ պայմանավորված՝ սովորաբար մարզերը կուսակցականացվել են: Շիրակի 9-րդ մարզպետը խոստանում է՝ մարզը չի կուսակցականացնելու: Թեև «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության շարքերը համալրել ցանակացողների թիվն ավելացել է, սակայն ասում է, թե ոչ բոլորին են ընդգրկելու կուսակցության մեջ: «Մեզ պետք չէ, որ մարդկանց մեր կուսակցության անդամ դարձնենք: Հարցը հետևյալն է՝ այն մարդիկ, ովքեր հանրապետական չեն, այսպես թե այնպես, մերոնք են»:

Կարեն Սարուխանյանը նաև հավաստիացրեց՝ բոլոր այն մարզային ծրագրերը, որոնք իրականացվել են նախկին իշխանությունների նախաձեռնությամբ, շարունակվելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG