Մատչելիության հղումներ

Գիտնականներ. «Բրազիլիան՝ հաղթանակի հիմնական թեկնածու»


Ֆուտբոլի աշխարհի գավաթը, արխիվ, Կրեմլ, Մոկսվա 1 դեկտեմբերի, 2017թ.
Ֆուտբոլի աշխարհի գավաթը, արխիվ, Կրեմլ, Մոկսվա 1 դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկին մնում է ընդամենը 2 շաբաթ:

Այսօր մարզական մեկնաբանները, լեգենդար ֆուտբոլիստները, վերլուծաբանները փորձում են կանխատեսել, թե որ երկրի հավաքականը կվաստակի մոլորակի ամենասիրված սպորտի՝ ֆուտբոլի աշխարհի գավաթը:

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային ասել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այդ մարզաձևում, անկասկած, հիմնական և ամենակարևոր մրցումն է: Նրա կարծիքով, ֆավորիտների թվում ավանդական հզոր եռյակն է՝ Բրազիլիա, Արգենտինա և Գերմանիա:

Ընտրական անհաջող փուլից հետո Իտալիայի հավաքականին հրաժեշտ տված աշխարհահռչակ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարծիքով, շատ լավ հնարավորություն ունի Արգենտինան:

«Մեկ այլ հանգամանքում արժանի կիսաեզրափակիչ կամ նույնիսկ եզրափակիչ կլիներ Իտալիա - Արգենտինա հանդիպումը, բայց մենք ուղեգիր չստացանք, սա շատ անսովոր բան է մեր երկրի համար, հիմա մենք վերակազմավորում ենք ազգային թիմը», - Football Italia հանդեսին ասել է Բուֆոնը:

Եվրոպական բուքմեյքերական գրասենյակների փորձագետների համոզմամբ, հաղթանակի մեծ պոտենցիալ ունի Գերմանիայի ընտրանին:

Մինչդեռ կանխատեսումներ են հրապարակում նաև ֆուտբոլասեր-գիտնականները: Ինսբրուկի (Ավստրիա) համալսարանի գիտաշխատողները մաթեմատիկական բարդ հաշվարկներ են կատարել և հանգել այն եզրակացության, որ եզրափակիչ անցնելու և հաղթելու առավել շատ հնարավորություն ունի Բրազիլիայի հավաքականը, որի գործակիցը կազմել է 16,6 տոկոս:

Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 15,8 տոկոս, երրորդ ընտրանին Իսպանիան է՝ 12,5 տոկոս, չորրորդը Ֆրանսիան՝ 12,1 տոկոս և հինգերորդը Արգենտինան՝ 8,4 տոկոս:

Ինսբրուկցի գիտնականները ենթադրում են, որ եզրափակիչ անցած թիմերից մեկը կլինի կա՛մ Բրազիլիան, կա՛մ Գերմանիան, կա՛մ էլ հենց այդ երկու ընտրանիները:

2018 թվականի ֆուտբոլի առաջնության առավել թույլ հավաքականներն են համարվում Պանաման, Սաուդյան Արաբիան, Թունիսը, Իրանը և Հարավային Կորեան:

Առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանի հաղթանակի հավանականությունն ընդամենը 2,1 տոկոս է:

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին, այն կանցնի ռուսաստանյան 11 քաղաքներում:

Երրորդ տեղի համար հանդիպումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում հուլիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 15-ին Մոկսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG