Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց իր ծրագրին և ուղարկեց Ազգային ժողով


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Գործադիրն այսօր հավանություն է տվել իր ծրագրին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Կառավարությունը նաև նշում է, որ իր գործունեության հիմնարար ուղենիշերն են իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը և այլն։

«Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ», - ասված է հաղորդագրությունում:

Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Գործադիրի որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG