Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է սերտ գործակցության Հայաստանի նոր կառավարության հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից

Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, և այդ նպատակով վարչապետը կարևորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այսօր ընդունելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ», - ասել է Փաշինյանը՝ ընդգծելով ծրագրերն ավելի արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ աշխատելու և հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, և բանկը պատրաստ է սերտ փոխգործակցության երկրի նոր կառավարության հետ: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ կարևորում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած դիտարկումները, և նշել է, որ բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը Հայաստանում տարբեր ոլորտներում: Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցերի, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG