Մատչելիության հղումներ

Կառավարության աշխատակազմի ծախսերը եղել են անտրամաբանական և ոչ արդարացված. Էդուարդ Աղաջանյան


Կառավարության աշխատակազմը եղել է ուռճացված, ծախսերը՝ անտրամաբանական և ոչ արդարացված, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ իրոք կառավարության աշխատակազմը ուռճացված է եղել այս տարիների ընթացքում, եղել են բազմաթիվ անտրամաբանական և ոչ արդարացված ծախսեր՝ խոսքը գնում է ծառայողական ավտոմեքենաների մասին, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին, որոնք իրոք անտրամաբանական են, ու դուք շուտով ևս կտեղեկանաք այդ մասին», - ասաց Աղաջանյանը։

Նա հավաստիացրեց՝ իրենց կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ։

«Այն, որ մեր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է, և շուտով դուք կտեղեկանաք բոլոր այդ մեքենաների, դիզվառելիքի կտրոնների կրճատման մասին», - ասաց Աղաջանյանը՝ պարզաբանելով. - «Կառավարության աշխատակազմի ենթակայության տակ գտնվող մեքենաների թիվը տվյալ պահին մոտ 110 է, խոսքը չի գնում այլ գերատեսչությունների տրամադրության տակ գտնվող մեքենաների մասին։ Այս թիվը, մեր նախնական հաշվարկներով, մոտ 30 տոկոս կրճատման ենթակա է։ Նախարարությունների մեքենաները, բնականաբար, չեն մտնում դրա մեջ, այդ ուղղությամբ ևս պետք է ուսումնասիրություններ իրականացվեն։ Ես կարծում եմ, որ այդ բենզինի, դիզվառելիք համար տրամադրված կտրոններն են շատ մեծ ծախս ենթադրում պետական բյուջե, այստեղ իրոք շատ մեծ խնայողությունների տեղ կա։ Բաժնի ղեկավարներին և վարչությունների ղեկավարներին տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակությունը, եթե չեմ սխալվում, կազմում է 300 լիտր, մեր բոլոր հաշվարկներով սա չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության ղեկավարները, աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատանքի և հետադարձ, սա չի կարող լինել արդարացված»։

«Ազատություն» հարցին, թե «ի՞նչ չարաշահումներ են եղել կառավարության աշխատակազմում, որոնք կհանձնեք, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությանը», Աղաջանյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այս ընթացքում այդ գործընթացը կբերի նաև նման ընթացքի, որովհետև, այո՛, մենք արդեն իսկ նկատել ենք որոշ չարաշահումների դրսևորումներ և մոտ ապագայում Դուք կտեղեկանաք այդ մասին, իսկ թե ի՞նչ ընթացք կտրվի, ինչպես օրենքն է պահանջում, դա համապատասխան ընթացք կունենա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG