Մատչելիության հղումներ

Եթե օրինականությունը գին ունի, ավելի լավ է դա վճարել. Ֆինանսների նախարար


Արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող, մինչ այդ նույն նախարարությունում առաջին փոխնախարար աշխատած Ատոմ Ջանջուղազյանը տեղյակ է եղել ԱԱԾ բացահայտած սխեմայից: Ասաց՝ այդ հարցն իր իրավասության շրջանակում չէ, ինչո՞ւ պետք է իմանար․ բյուջե չմուտքագրվող հարկերի պատասխանատում եղել և մնում է Պետեկամուտների կոմիտեն:

«Եթե իմ իրավասության և պարտականությունների շրջանակում մի հարց չի եղել, դրա վերաբերյալ ինչո՞ւ պիտի իմանայի», - նշեց Ջանջուղազյանը՝ հավելելով․ - «Նախ՝ չեմ համարում, որ այդ իմանալը արդեն հանցագործություն է»:

Երեկ ՊԵԿ փոխնախագահն ասել էր՝ ԱԱԾ բացահայտած սխեման իրենց համար գաղտնիք չի եղել, իսկ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել՝ մեխանիզմը, որը գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է քննարկման արդյունքում: Որպեսզի մսամթերք և գյուղմթերք մթերող գյուղացին չտուժի խորհրդակցություն են անցկացրել, որին ըստ Բաղդասարյանի, մասնակցել է ինքը, նաև՝ այսօրվա ՊԵԿ կոմիտեի նախագահը, դրանից տեղյակ է եղել ֆինանսների գործող նախարարը:

Ըստ ԱԱԾ-ի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգը», համաձայնություն ձեռք բերելով ՊԵԿ նախկին ղեկավարության հետ, խուսափել է խոշոր հարկերի վճարումից: Ըստ ԱԱԾ-ի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը 461 անհատ ձեռներեցներով առևտուր է իրականացրել և 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Թե ովքեր են նախկին պաշտոնյաները, ԱԱԾ-ն չի մանրամասնել՝ միայն տեղեկացնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և կեղծ ձեռնարկատիրության հատկանիշներով։ Գործով ձերբակալվածներ չկան:

ԱԱԾ նկարագրած համաձայնություններին մասնակցած նախկին ու ներկա պաշտոնյաները պե՞տք է պատժվեն: Ջանջուղազյանն առաջարկում է առաջնորդվել օրենքով․ - «Եթե օրենսդրությունը պատասխանատվություն է ենթադրում որևէ գործողության կամ անգործության համար, ուրեմն պետք է պատժվեն»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ ստուգումների արդյունքում գործարարները կարող են անհանգստանալ ու կապիտալի արտահոսք տեղի ունենա, Ջանջուղազյանը պատասխանեց․ ֊ «Եթե օրինականությունը գին ունի, ավելի լավ է դա վճարել»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարում էր, թե ԱԱԾ հաղորդագրությունից է իմացել, թե գործել են պայմանավորվածություններ։ Կարծում է՝ եթե անգամ պայմանավորվածությունները օրենքի շրջանակներում չեն, պատասխանատու է ոչ թե տնտեսվարողը, այլ՝ իշխանությունը․ - «Այդ պայմանավորվածությունները անկասկած պետք է ստանային օրենքի տեսք, ես չեմ վիճում: Բայց եթե նրանք օրենքի տեսք չեն ստացել, ապա դրա պատասխանատուն ոչ թե գործարարն է, որի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, այլ իշխանությունը, որը դա պետք է դարձներ օրենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG