Մատչելիության հղումներ

ԱԱԾ բացահայտումների ֆոնին՝ տնտեսագետը խոշոր սուպերմարկետները տրոհելու կարիք է տեսնում


«Երևան Սիթիի» ղեկավարությունը չի շտապում մեկնաբանություններ տալ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումների վերաբերյալ։ Ընկերության գլխավոր գրասենյակ «Ազատության» այցելության ժամանակ, ինչպես փոխանցեց ընդունարանի աշխատակիցը, ղեկավարությունից ոչ ոք չկա։ Նա հորդորեց առաջիկա երկուշաբթի զանգահարել։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված՝ «Երևան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու համար։

Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ տարիներ շարունակ ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցվել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Այս ամենի արդյունքում, ինչպես հաղորդել էր ԱԱԾ-ն, նախնական հաշվարկի համաձայն ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկի և շահութահարկի փոխարեն: Իրավապահները ճշգրտում են պետությանը պատճառված վնասի չափերը։

«Ազատության» հետ զրույցում գնորդներն ասում էին, որ վաղուց պետք է հարկային դաշտ բերվեին հարկերից խուսափող ընկերությունները և հույս հայտնում, որ նոր կառավարությունը կշարունակի բացահայտումները։

Չնայած տեսախցիկի առջև ոչ բոլոր առևտրականներն են պատրաստ խոսել, բայց առանց տեսախցիկի պնդում են՝ սուպերմարկետների պատճառով մանր խանութների բիզնեսը անկում է ապրել։

Տնտեսագետ Հակոբ Ավագյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ տարիներ շարունակ խոշոր ընկերությունների պատճառով խնդիրներ են ստեղծվել մանր ու միջին բիզնեսի համար։ Նոր կառավարությունը պետք է լուծի նաև այս խնդիրը: - «Պետք է տրոհել էդ խոշոր մարկետները և սահմանափակել նրանց՝ միևնույն համայնքում մի քանի հատ լինելը, էլ չեմ ասում՝ Երևան համայնքում այսքան գերակա դիրք զբաղեցնողը, այստեղ ունենք իսկականից Ազգային անվտանգության խնդիր ու կախում որոշակի խումբ տնտեսվարողներից», - ասում է Ավագյանը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կատարվածը գնահատում է որպես հանցավոր անգործության հետևանք․ - «Օրենքը ասել է մի բան՝ իրենց թողտվության կամ հանցավոր անգործության պարագայում տեղի է ունեցել պետական բյուջեի մուտքային մասին շրջանցում»:

Ըստ ԱԱԾ-ի, Սամվել Ալեքսանյանը, ում ընտանիքին է պատկանում «Ալեքս Հոլդինգ»-ը, չի հարցաքննվել, գործով ձերբակալվածներ չկան, քանի որ նրանք ընդունել են իրենց կողմից թույլ տրված ապօրինություները՝ ԱՁ-ների միջոցով աշխատելու փաստը և պատրաստկամություն են հայտնել՝ համապատասխան ստուգումներից հետո վճարումներ կատարել պետբյուջե:

Տնտեսագետ Մանուկյանը կարծում է, որ բյուջեի կրած վնասը փոխհատուցելուց զատ, ԱԱԾ-ն պետք է նաև պատասխանատվության ենթարկի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց թողտվությամբ է տեղի ունեցել այս ամենը։

«Եթե դու թույլ ես տալիս, որ բիզնեսմենը նման կարգի գործունեություն ծավալի և քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում ոչ թե թույլ տվողն է պատժվում, այլ միայն տնտեսվարողը, բա էլ ո՞ւր մնացին տարատեսակ ազդարարման մեխանիզմները, հակակոռուպցիոն պայքարը և այլն: Այսինքն, սա կլինի մասնակի արդարադատություն», - ասում է տնտեսագետը:

Նշեմ, որ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, երեկ «Ազատությանն» ասել է, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: Ավելին, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատությանն» ասել էր, որ այն մեխանիզմը, որը գործել է ցանցային սուպերմարկետներում, ներդրվել է բոլորի իմացությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում, որին մասնակցել է նաև անձամբ ինքը: Բաղդասարյանը պարզաբանել էր, թե եթե գյուղմթերքի վաճառակետերը ավելացված արժեքի հարկի դաշտում գործեին, ապա սուպերմարկետներում 60 տոկոսից ավելի թանկացում կլիներ: - «Որպեսզի գյուղացին չտուժի և մթերում իրականացվի, միջանկյալ լուծում է գտնվել», - ասել էր Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG