Մատչելիության հղումներ

Մարզպետերը պիտի համապատասխանեն այսօրվա հայաստանյան իրողությանը․ Սուրեն Պապիկյան


Հայաստանի 10 մարզերից 6-ի նոր մարզպետերի անունները հայտնի են: Նրանց նշանակելու հարցը ներառված է վաղվա կառավարության նիստի օրակարգում:

6 մարզպետերից 4-ը՝ Կոտայքի, Արարատի, Շիրակի, Տավուշի մարզպետերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից են, մյուս երկուսը՝ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզպետները, կլինեն Հայ հեղափոխական դաշնակցությունից:

Ընդ որում ավելի վաղ՝ դեռ Դաշնակցության կոալիցիայից դուրս գալու ժամանակ, հրաժարական ներկայացրած Արագածոտնի դաշնակցական մարզպետ Աշոտ Սիմոնյանը դեռ միակն է, որ վերանշանակվում է իր պաշտոնում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասում է՝ Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Արմավիրի մարզպետերի անունները հայտնի կդառնան առաջիկայում, նրանց թվում կլինեն նաև «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ, սակայն թե քանի մարզպետ կնշանակվի և որ մարզերի ղեկավարումը կտրվի «Ծառուկյան» դաշինիքին, դեռ հայտնի չէ:

Վաղը կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետի պաշտոնից կազատվի Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը: Նրա փոխարեն նշանակվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Արարատի մարզպետի պաշտոնից կազատվի Արամայիս Գրիգորյանը, ով նշանակվել էր 2017 թվականին: Մեկուկես տարի մարզպետի պաշտոնում աշխատելուց հետո, նրան կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

2014 թվականից պաշտոնավարող հանրապետական Հովիկ Աբովյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից: Նրան կփոխարինի Իջևանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հրաժարականից հետո մարզը կղեկավարի 2017-ի խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Դաշնակցական մյուս մարզպետը Արագածոտնինն է՝ Աշոտ Սիմոնյանը: Նա մարզը ղեկավարում էր նաև իշխանափոխությունից առաջ, և փաստորեն դեռ միակն է, ով վերանշանակվում է իր պաշտոնում:

Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականից և գյուղնախարար նշանակվելուց հետ, մարզը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանը:

Հարություն Սարգսյանը վաղը կազատվի Վայոց ձորի, իսկ Արթուր Նալբանդյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, սակայն թե ովքեր են ղեկավարելու այս մարզերը դեռ հայտնի չէ:

Հայաստանի տասը մարզպետերից հրաժարական չեն ներկայացրել միայն երկուսը՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրանք, սակայն, ևս փոխարինվելու են:

Սուրեն Պապիկյանն ասում է՝ Կառավարությունը նոր մարզպետերից ակնկալում է անթերի, օրենքով սահմանված կարգով աշխատանք, ընտրել են ըստ արժանիքների:

«Նրանք պիտի համապատասխանեն այսօրվա հայաստանյան իրողությանը», - ասում է նախարարը: Պապիկյանի խոսքով, մարզպետները մեծ դերակատարություն պետք է ունենան ու պիտի վերահսկեն, որ տեղական ինքնակառավարման մարմինները լիարժեք իրականացնեն իրենց լիազորությունները․ - «Ամեն ինչ պիտի արվի, որ մարզպետների գործուն աջակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինները գործեն ավելի պարզ, ավելի թափանցիկ»:

Անդրադառնալով հարցին, թե նախկինում ընտրությունների ժամանակ մարզպետերը ձայներ էին ապահովում իշխանությունների համար, Սուրեն Պապիկյանն ասաց՝ այլևս նման երևույթ չի լինելու․ - «Այլևս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի՝ էնքան խփի: Նման բան Հայաստանում բացառվում է: Եվ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պիտի ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք այն փուլին, որ առաջին անգամ գոնե Հայաստանում՝ 96 թվականից հետո, լինեն ազատ, արդար ընտրություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG