Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ որոշ ծառայողների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու հարցի վերաբերյալ: ՔԿ նախագահի տեղակալը հանձնարարել է պարզել հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու պատճառները և միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ ժամկետների խախտումը բացառելու ուղղությամբ:
«ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ուղարկվել հայտարարագրերը սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցուցակը՝ հիշեցնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ: