Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լայնածավալ հալածանքներ են սկսվել REAL շարժման ակտիվիստների, նաև այլ ընդդիմադիրների հանդեպ


REAL ընդդիմադիր շարժման ակտիվիստ Ազեր Ղասիմլի, արխիվ

Արդեն երրորդ օրն է՝ ադրբեջանական ընդդիմության ամենաակտիվ և առավելապես երիտասարդներով համալրված ուժերից մեկը` «Հանրապետական այլընտրանք» [REAL] շարժումը, իրավապահների կոշտ ճնշումներին է ենթարկվում: Մայիսի 29-ից ի վեր REAL-ի ակտիվիստներից առնվազն չորսը դատապարտվել են 25-ից 30 օրվա վարչական կալանքի:

Երեկ երեկոյան էլ REAL-ի մոտ երկու տասնյակ ակտիվիստներ հրավիրվել էին Բաքվի տարբեր ոստիկանական բաժանմունքներ և մի քանի ժամ տևած բացատրական զրույցներից հետո ազատ արձակվել: Ընդդիմադիրների համոզմամբ՝ ոստիկանության նման ակտիվության պատճառը REAL շարժման կոմից Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակի առթիվ մայիսի 28-ին Բաքվի կենտրոնում կազմակերպված երթն էր, որն անսպասելիորեն մարդաշատ էր:

«Ըստ ամենայնի, ձերբակալությունների այլ պատճառ չկա: Չեմ բացառում, որ սա նախազգուշացում է: Իշխանությունները [ընդդիմության] նախաձեռնած ցանկացած դրական ալիք ցանկանում են բնում խեղդել: Մայիսի 28-ի երթը շատ դրական տրամադրվածությամբ անցավ, մարդկանց կողմից այդ ակցիան բավական դրականորեն ընկալվեց: Ըստ երևույթին հենց այդ դրական տրամադրվածությունն է, որ մտահոգել է կառավարությանը»,- նշել է REAL-ի ներկայիս ղեկավար Նաթիգ Ջաֆարլին` ընդգծելով, որ մայիսի 28-ի երթի մասնակիցները հատուկ որոշել էին փողոց դուրս գալ բացառապես ադրբեջանական դրոշներով ու առանց քաղաքական բնույթի պաստառների:

Ջաֆարլիի խոսքով՝ Իլհամ Ալիևի և նրա շրջապատի հրաժարականի պահանջով կոչերը մայիսի 28-ի երթի կազմակերպիչները որոշել էին փոխարինել առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի անվան վանկարկումներով:

REAL շարժման հիմնադիրն Ադրբեջանում այս պահին առկա թերևս ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկն է` Իլգար Մամեդովը: Նա արդեն հինգ տարի է անազատության մեջ է: 2014 թվականին ադրբեջանական դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատարզրկման: Մարդու Իրավունքների եվրոպական դատարանը պաշտոնական Բաքվից դեռ 2015 թվականին է պահանջել՝ ազատ արձակել Մամեդովին, սակայն ադրբեջանական իշխանությունները մինչ օրս չեն կատարել եվրադատարանի այդ պահանջը:

Վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների արդյունքում ճաղերի հետևում են հայտնվել նաև REAL շարժման երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչները, մասնավորաբար, մայիսի 28-ի երթի գլխավոր կազմակերպիչ Ազեր Ղասիմլին: Բաքվի Յասամալի շրջանի դատարանը նրան դատապարտել էմեկամսյա վարչական կալանքի` մեղավոր ճանաչելով ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: Ղասիմլիի փաստաբան Էլչին Սադիխովի պնդմամբ, իր պաշտպանյալի գործով վճիռը դատարանը կայացրել է՝ հիմվելով բացառապես ոստիկանների կողմից նենգափոխված փաստերի ու ապացույցների վրա:

«Ոստիկանության կողմից իրեն վերագրվող զանցանքի պահին իմ պաշտպանյալն այլ վայրում է գտնվել: Բացի այդ, ոստիկանների կազմած արձանագրության մեջ նշված չէ միջադեպի ժամը: Ամեն ինչ շատ անորոշ է: Ազեր Ղասիմլին վստահ է, որ այս ամբողջ պատմությունը կապված է երեկ տեղի ունեցած ակցիայի հետ»,- մայիսի 29-ին կայացած դատական նիստից հետո հայտարարել է բաքվեցի փաստաբանը:

Ադրբեջանցի անկախ քաղաքագետների և լրագրողների համոզմամբ՝ REAL շարժման դեմ այս հարձակումն ընդդիմության դեմ ճնշումների և վարկաբեկման նոր՝ լայնածավալ արշավի մի մասն է միայն: Անցած շաբաթ ձերբակալվեցին ադրբեջանական մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Ժողովրդական ճակատի» 10 անդամներ: Նրանց մեղադրում են փողերի լվացման և կուսակցության անօրինական ֆինանսավորման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG