Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Հայաստանի նոր կառավարության հետ օժանդակության ծրագրեր է քննարկում․ ԱՄՆ դեսպան


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, Երևան, 31-ը մայիսի, 2018 թ․
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ, Երևան, 31-ը մայիսի, 2018 թ․

Միացյալ Նահանգները Հայաստանի նոր կառավարության հետ քննարկում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման հնարավորությունը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Դեսպանի խոսքով, պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցն ընդգրկված է եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի երևանյան բանակցությունների օրակարգում: Ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը օրերս Երևանում էր, նրան ընդունեցին նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Հայաստանի նոր կառավարության հետ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է օժանադակել Հայաստանի նոր կառավարությանը: Տեղյակ եք, որ պետքարտուղարության ավագ ներկայացուցիչը՝ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն անցած շաբաթ-կիրակի օրերին այստեղ էր: Նա քննարկումներ ունեցավ արտգործնախարարի, վարչապետի ու նախագահի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք օժանդակել Հայաստանի նոր կառավարությունը: Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից օժանդակության հնարավոր տարբերակները: Քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում համագործակցության, օժանդակության այլ տարրերի հնարավորությունը: Այդ քննարկումները շարունակելու ենք»,- ասաց դեսպանը:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, հիշեցնենք, 2006 թվականին ծրագրում էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար։ 2008 թ․ մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո կորպորացիան հայտարարեց, թե վերանայում է Հայաստանում իր գործունեությունը, իսկ 2009-ին դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը՝ այդ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն և արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմփեոն օրերս ողջունել էր Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը և խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օժանադակելու հնարավորությունը:

ԱՄՆ դեսպան Միլզն այսօր անդրադարձավ նաև հարցին, թե ինչու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չշնորհավորեց Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի Հանրապետության հռչակման հարյուրերորդ տարեդարձի կապակցությամբ, չնայած շնորհավորել էր Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանական Հանրապետության հռչակման հարյուամյակի առթիվ:

«Տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես սեպտեմբերին է նշելու է անկախության տոնը: Սպասում եմ, որ ԱՄՆ-ն Հայաստանի իշխանություններին պաշտոնապես կշնորհավորի այդ ժամանակ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նախագահ Թրամփը շնորհավորեց Հայաստանի նոր կառավարությանը, ժողովրդին՝ խաղաղ ցույցերի, բողոքի ակցիաների համար, որոնք նոր էջ բացեցին Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG