Մատչելիության հղումներ

Աշխատանքային միգրանտների ֆուտբոլային ակումբ Սանկտ Պետերբուրգում՝ «Մաքսիմա»


Ռուսաստան - «Կրեստովսկի» մարզադաշտը Սանկտ Պետերբուրգում, արխիվ
Ռուսաստան - «Կրեստովսկի» մարզադաշտը Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Ռուսաստանում երկու շաբաթից մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով լրատվամիջոցները «փորփրում են» ռուսական ֆուտբոլային կյանքը, և Reuters-ը հաղորդում է պատրաստել աշխատանքային միգրանտների ֆուտբոլային ակումբի մասին, որի կազմում խաղում են Աֆրիկայից մինչև Հայաստան ու Կենտրոնական Ասիա ընկած երկրների քաղաքացիներ՝ հայեր, եգիպտացիներ, թուրքմեններ, ուզբեկներ ու կամերունցիներ:

«Մաքսիմա» կոչվող ֆուտբոլային ակումբի հիմնադիրն ու գլխավոր մարզիչը թուրքմեն Բախտիյար Յուսուպովն է: Նա ասել է, որ թիմը ստեղծել է, որպեսզի խաղացողները իրենց զգան ինչպես տանը, անկախ սոցիալական կարգավիճակից: «Նրանք բոլորը խաղադաշտում հավասար են», - ասել է սիրողական թիմի մարզիչը:

«Մաքսիմա»-ն ստեղծվել է 2007 թվականին Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքը» ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը հյուրընկալող 11 քաղաքներից մեկն է: Միգրանտների թիմը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլի առաջնությանը և 2017 թվականին գրավել է 4-րդ տեղը:

Ցուցափեղկեր, պատուհաններ մաքրող աշխատանքային միգրանտ 34-ամյա ուզբեկ Ռուստամ Մուստաֆակուլովն ասել է, որ սիրողական ֆուտբոլային ակումբը ռուսական հյուսիսային քաղաքում ստեղծվել է միգրանտներին օգնելու համար, կանոնավոր սպորտն ու ընկերական սերտ կապերը պաշտպանում են իրենց: «Մենք միասին խաղում ենք շատ տարիներ և բոլորս ընկերներ ենք դարձել», - ասել է Մուստաֆակուլովը, ով հայրենի Ուզբեկստանում ժամանակին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Նա նշել է, որ Ռուսաստանում կյանքը հեշտ չէ, ասելով, որ տեղացիները ռեպլիկներ են նետում ազգային պատկանելիության մասին, մեղադրում, թե զբաղեցնում են ռուսաստանցիների աշխատատեղերը:

Միգրանտների թիմի որոշ ֆուտբոլիստներ հույս ունեն ֆուտբոլային ակումբի միջոցով ավելի առաջ գնալ: Եգիպտացի Մոհամեդ Հաֆեզը, ամուսնանալով ռուսաստանցի Նատալիայի հետ, տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: 27-ամյա Մոհամեդը հույս է փայփայում, որ ֆուտբոլային գործակալները կնկատեն իր խաղն ու լավ առաջարկներ կանեն, և նա փառքի կհասնի, կրկնօրինակելով իր հայտնի հայրենակցի՝ «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահի վերելքը: «Դա իմ երազանքն է, ես չեմ թողնի խաղալը, և Աստծո կամոք ես դա իրականություն կդարձնեմ», - ասել է Մոհամեդ Հաֆեզը:

Reuters-ը նշում է, որ Ռուսաստանում աշխատանքային միգրանտները հաճախ ցածր վարձատրվող աշխատանքներ են կատարում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի համաձայն՝ միգրանտները ոստիկանության կողմից հաճախ են ենթարկվում փաստաթղթային ստուգումների և ռասիստական խտրականության: Ռուսաստանի իշխանությունները միգրանտների հանդեպ վատ վերաբերմունքի մասին պնդումները հերքում են, ասելով, թե փաստաթղթերի ստուգումները անհրաժեշտ են ազգային անվտանգության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG