Մատչելիության հղումներ

Հագեցած է Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի նաև երկրորդ օրը


Թբիլիսիում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը, որին ներկա են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, 30-ը մայիսի, 2018թ.
Թբիլիսիում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը, որին ներկա են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, 30-ը մայիսի, 2018թ.

Մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը, այն ևս բավական հագեցած օրակարգով է։

Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելելու է «Հովհաննես Թումանյանի տուն» մշակութային կենտրոն, թումանյանական ոճով թեյ է խմելու, հանդիպում է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ապա Հայաստանի վարչապետը ճաշելու է վրացահայ գործարարների հետ, հանդիպելու նաև Վրաստանի հոգևոր առաջնորդի՝ Իլյա երկրորդ Պատրիարքի հետ։

Օրվա երկրորդ կեսին կմեկնարկեն ոչ պաշտոնական հանդիպումները։ Թբիլիսիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվելու է հայաբնակ Ջավախք, մի շարք գյուղերում կանգառներ է անելու, իսկ Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում նորից հանդիպումներ է անցկացնելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տարիներ շարունակ տեղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին՝ վրացական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցեր, եկեղեցու պահպանման խնդիրներ և այլն, ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս թեմաներով քննարկումներ կանցկացնի վիրահայերի հետ։

Երեկ ամփոփելով իր պաշտոնական հանդիպումները՝ Նիկոլ Փաշինյանն «Ազատության»-ն ասաց, թե ի դեմս Վրաստանի վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի խոսնակի ձեռք է բերել բարեկամներ։

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի քաղաքային խորհրդի շենքում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Ելույթներ ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլին։ Վերջինս իր ելույթում նշում էր. - «Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետևելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը և ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան»։

Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում դեսպանների հյուրերի առջև Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ հայաստանյան իրադարձություններին՝ հայտարարելով. - «Հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք բաց չենք թողնի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետև մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք և մենք հաղթելու ենք ապագայում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG