Երկու շաբաթ առաջ Սոչիում կայացած՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցը: Այդ մասին Հայաստանի վարչապետն ասել է գերմանական «Դոյչե Վելլեին» տված հարցազրույցում, խուսափելով մանրամասնել՝ ինչպե՞ս է Կրեմլի ղեկավարն արձագանքել տարիներ շարունակ հայկական կողմին մտահոգող այդ խնդրին:
«Չէի ուզենա ասել՝ ինչ պատասխանեց Վլադիմիր Պուտինը, կարող եմ միայն ասել, որ ես բարձրացրել եմ այդ հարցը և կարծում եմ, որ մենք կառուցողական քննարկում ունեցանք այդ առումով»,- ասել է Փաշինյանը: Նա կրկին պնդել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կապված էր միայն ներքին խնդիրների հետ, և որ իր կառավարությունը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքականության վեկտորը:
«Դուք, ի տարբերություն քաղաքացիական ցույցերի այլ առաջնորդների, շատ հաշտ եք տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Դա պրագմատի՞զմ է, հաշվի առելով, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, թե՞ այլ բան է: Ինչո՞ւ եք այդքան բարեկամաբար արտահայտվում Ռուսաստանի առաջնորդների մասին»,- հետաքրքրվել է «Դոյչե Վելլեի» թղթակիցը, ինչին ի պատասխան, Փաշինյանն արձագանքել է՝ ես բոլորին եմ այդպես վերաբերվում: «Կարծում եմ՝ դուք որևէ ագրեսիա չեք նկատել, ասենք՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների, Իրանի, Վրաստանի, կամ այլ երկրների հանդեպ: Հայաստանը խաղաղասեր երկիր է: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և առաջնորդվում ենք մեր պետության շահերով»,- հավելել է Հայաստանի վարչապետը:
Նա Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հետ Սոչիում կայացած հանդիպմանը վերաբերող որոշ փակագծեր է բացել, պնդելով, թե Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ քննարկումները դրական տպավորություն են թողել իր վրա, անգամ մի փոքր զարմացրել են: «Շատ հաճելի մթնոլորտ էր, և մի փոքր էլ ինձ համար անակնկալ էր այն, որ զրույցների, քննարկումների ժամանակ ականատես դարձա թեժ, ժողովրդավարական կանոնների համապատասխան ընթացող բանավեճերի: Կարծում եմ, որ այս փուլում մեր միջև հաստատվել են շատ լավ անձնական հարաբերություններ, և վստահ եմ, որ այդ հարաբերությունները ապագայում ավելի կբարելավվեն»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով ԵՏՄ-ի հասցեին անցյալում հնչեցրած իր քննադատություններին, Փաշինյանը նշել է՝ այն ժամանակ, երբ Հայաստանը նոր էր անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը, ինքը մտավախություն ուներ, որ դա կխոչընդոտի Իրանի հետ տնտեսական հարաբերություններին: «Երեք օր առաջ, սակայն, Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր պայամանգիր ստորագրվեց, և այն խնդիրները, որոնք խանգարում էին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացմանը, այլևս կլուծվեն»,- պարզաբանել է ՀՀ վարչապետը:
Հայտնի է, որ Կրեմլը բավական նյարդային է արձագանքում հետխորհրդային երկրներում իշխանափոխություններին, բայց Հայաստանի դեպքում վերաբերմունքն ուրիշ էր, ինչու՞: «Դոյչե Վելլեի» այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները և կարծում եմ՝ Հայաստանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք սրտի թրթիռով ենք վերաբերվում մեր ինքնիշխանությանն և անկախությանը»:
Շաբաթներ առաջ իշխանության եկած Փաշինյանը խոսել է նաև ներքին խնդիրներից, փաստել, որ հայաստանյան օլիգարխներից շատերը դեմ են եղել իշխանափոխությանը: «Նրանք, սակայն, ոչինչ չկարողացան անել, քանի որ մենք ունեինք ժողովրդի աջակցությունը»,- հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը, վստահեցնելով՝ քանի դեռ այդ աջակցությւոնը կա, բարեփոխումները կշարունակվեն:
«Մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի իշխանությունը, այլ ոչ թե մի խումբ անձանց: Սրան որևէ մեկը չպետք է խանգարի: Եթե նման հարց ծագի, մենք անպայման դրան կարձագանքենք: Բացի այդ, մեր հեղափոխության ընթացքում օլիգարխները չկարողացան ազդել քաղաքական իրադրության վրա, քանի որ ժողովուրդն իր ձեռքը վերցրեց իշխանությունը և մտադիր չէ դրանից ետ կանգնել»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջներին վերաբերող հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կոռումպացված բոլոր պաշտոնյաները պետք է հեռանան: «Կարծում եմ՝ մեր խնդիրներն ի հայտ եկան այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կեղծել ընտրությունները»,- նշել է Հայաստանի նոր կառավարության ղեկավարը, ընդգծելով՝ ակնկալվող արտահերթ ընտրությունները պետք է լինեն վստահելի բոլորի համար:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, կրկին խուսափել է հստակեցնել, թե ինչ մեխանիզմով են գործող խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու: «Թող դա ինտրիգ մնա»,- ասել է նա «Դոյչե Վելլեին» տված հարցազրույցում: «Հայաստանում երկար ժամանակ չեն եղել ընտրություններ, որոնց արդյունքներով ժողովուրդն իրեն հաղթած կզգար: Մեզ համար շատ կարևոր է կազմակերպել այնպիսի քվերակություն, որ անկախ պաշտոնական արդյունքներից, քաղաքացիները վստահ լինեն՝ իրենք են հաղթել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: