Մատչելիության հղումներ

«Ազատությունն» այսօր հյուրընկալել էր Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:

«Ազատություն»․ - Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ դուրս է գալիս և՛ կուսակցությունից, և՛ Հանրապետական խմբակցությունից՝ ասելով, որ չի ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող ուժի և ժողովրդական շարժման միջև, և ուզում է նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը:

Շարմազանով․ - Եթե դու քաղաքականության մեջ ես և դու քաղաքական պայքարից խուսափում ես, ուրեմն քաղաքականության մեջ չես: Քաղաքականության մեջ պայքարը անխուսափելի է: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ասում էր՝ եթե դու մտել ես քաղաքականություն, և քո մաշկը ռնգեղջյուրի մաշկից բարակ է, ուրեմն մի մտի: Քաղաքականությունը պայքար է, գոտկատեղից ներքև հարվածներ են, բրուտոսյան հարված է, Հուդայի համբույր է․․․ ամեն ինչ կա քաղաքականության մեջ: Դրա համար ես որևէ բանից չեմ զարմանում: Բոլորին հաջողություն եմ մաղթում՝ և՛ մեր կուսակցությունը լքածներին, և՛ նոր Կառավարությանը, և՛ մեզ որպես ընդդիմություն:

«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ այսպես հերթով Ձեր խմբակցությունը կլքեն տարբեր պատգամավորներ, և երբեմնի մեծամասնություն ունեցող Հանրապետականը կդառնա փոքրամասնություն: Շիրակ Թորոսյանը այսօր նույնպես հայտարարեց, որ լքում է Ձեր խմբակցությունը:

Շարմազանով․ - Շիրակ Թորոսյանը ոչ միայն հայտարարել է: Նաև խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից: Այսինքն, եղել է և՛ Թորոսյանի դիմումը, և՛ հեռացնելու մեր որոշումը: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Ես չեմ ուզում որևէ գնահատական էսօր հնչեցնել, ես շատ բարձր կարծիքի եմ իր բոլոր գործընկերների նկատմամբ և չեմ ուզում կանխավ որևէ գնահատական կամ կանխատեսում անել:

«Ազատություն»․ - Բայց չեք կարող բացառել, որ կարող են հերթով լքել ձեր շարքերը:

Շարմազանով․ - Չեմ կարծում, որ պետք է իմ ուղեղը նման անօգուտ ինֆորմացիայով ծանրաբեռնեմ։

«Ազատություն»․ - Դուք մշտապես պաշտպանել եք Սերժ Սարգսյանին՝ ամենաջերմագույն խոսքերը նրա հասցեին հնչեցնելով: Դուք նրան միանգամայն անսխալական մա՞րդ եք համարում:

Շարմազանով․ - Անսխալական մարդ չկա․․․ Ես երբեք չեմ ասել, որ անսխալական է, և փառք Տիրոջը, պարոն նախագահն էլ ինքն իրեն անսխալական չի համարել: Մենք բոլորս սխալական ենք: Բայց թող քար նետի նա Սերժ Սարգսյանի վրա, ով որ մեղավոր չէ: Բոլորս մեղավոր ենք: Եվ կա քարեր նետելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը:

«Ազատություն»․ - Ձեզ ամենաշատը քննադատել էլ թերևս հենց այն բանի համար, որ անձնուրաց պաշտպանել եք Սերժ Սարգսյանին: Անկախ առաջիկա զարգացումներից Դուք շարունակելու եք նրան պաշտպանել:

Շարմազանով․ - Բայց ի՞նչն է խնդիրը, որ չպաշտպանեմ: Ես քամելեոնի նմա՞ն եմ: Ես համոզմունքով ապրող մարդ եմ: Ես հավատում եմ վերևն Աստծուն, ներքևը՝ նժդեհյան գաղափարախոսությանը: Այո՛, Սերժ Սարգսյանը իր բոլոր քայլերով, նաև վերջին քայլով ապացուցեց, որ իր համար իր անձնական շահը ավելի ստորադաս է, քան Հայաստանի ու պետության շահը: Մի մասը գիտակցում է, մի մասը չի գիտակցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG