ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է:
Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրանց մի մասն արդյունավետ չեն օգտագործվել:
«Մեր հիմնական նպատակն է, որ ներգրավվող ֆինանսական միջոցները հանգեցնեն ինստիտուցիոնալ փոփոխությունների»,- շեշտել է ԿԳ նախարարը:
Խոսելով կրթության համակարգի առաջնահերթությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է կրթական համակարգի ապաքաղաքականացման, հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտության մասին:
Անդրադառնալով նախանշվող բարեփոխումներին՝ Արայիկ Հարությունյանն առաձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի արմատական փոփոխությունը, կրթության ապաքաղաքականացումը` մասնավորապես, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորումը և բարձրագույն կրթության մասին օրինագծի վերամշակումը, որն առաջին հերթին պետք է ամրագրի բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը:
Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ երկրի առաջընթացի համար կրթության ոլորտի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի: Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերենի դասավանդման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացներին: Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: