Մատչելիության հղումներ

Շիրակ Թորոսյանը հայտարարում է ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին


Շիրակ Թորոսյան, արխիվ

Ազգային ժողով պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարում է Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում Թորոսյանը գրել է, որ իր խորհրդարանական գործունեությունը շարունակելու է որպես Ազգային ժողովի անկախ պատգամավոր։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր», - գրել է Թորոսյանը:

Նշենք, որ Շիրակ Թորոսյանի հայտարարության հրապարակումից ոչ շատ անց Հանրապետական խմբակցությունը հաղորդագրություն հրապարակեց, տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստ, որի ընթացքում միաձայն որոշվել է Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից:

Հիշեցնենք՝ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին վարչապետի ընտրությունների ժամանակ քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի օգտին։

Նշենք, որ Շիրակ Թորոսյանը «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է։ Սամցխե-Ջավախքի վեց հասարակական կազմակերպություններ ողջունել են Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու որոշումը և շնորհակալություն են հայտնել իրենց հորդորները հաշվի առնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG