Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հաստատում է՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ են իրականացնում


ՊԵԿ նորանշանակ նախագահն այսօր կարծիք հայտնեց, որ ապրանքների մաքսազերծման ոլորտում աշխատող «Նորֆոլկ» ընկերությունը չէր կարող անօրինական գործունեություն ծավալել առանց ՊԵԿ նախկին նախագահի իմացության:

Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևանի Սիթի» սուպերմարկետներում: «Ազատության» հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը՝ ԱԱԾ-ից այսօր այլ մանրամասներ չփոխանցեցին, հաղորդելով միայն, որ առաջիկա օրերին հանդես կգան պարզաբանմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է «Երևանի Սիթի», «Սաս», «Նոր Զովք» սուպերմարկետների ու ընդհանուր առմամբ՝ խոշոր հարկեր վճարող՝ ցանցային առևտրով զբաղվող 10-12 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանք զգուշացվել են, որ նախկին կառավարության հետ ունեցած պայմանավորվածությունները չեն գործում, ու պետք է շատ արագ վերադառնան օրենքի դաշտ, ասաց Անանյանն ու շարունակեց․ «Մենք ուղղակի մի քանի օր ժամանակ ենք իրենց տվել, որ իրենց ծրագրային խնդիրները կարգավորեն և անցնեն առաջ»:

Դավիթ Անանյան, արխիվ
Դավիթ Անանյան, արխիվ

Ըստ Դավիթ Անանյանի՝ նշված պայմանավորվածությունների շրջանակում ցանցային առևտրով զբաղվող կազմակերպությունները գյուղմթերքի վաճառքը ձևակերպել են ոչ թե իրենց, այլ անհատ ձեռներեցների անունով, ինչի շնորհիվ խուսափել են խոշոր հարկ վճարողների համար նախատեսված ԱԱՀ-ի վճարումից, արդյունքում վճարելով 15 տոկոսով քիչ հարկ: «5 տոկոս շրջանառության հարկ է վճարվել, այնինչ՝ պետք է վճարվեր 20 տոկոս: Ամեն դեպքը պետք է առանձին քննարկվի: Ես անձամբ տեղեկանք եմ ներկայացրել ԱԱԾ-ին այն ժամանակ, երբ նրանք սկսել էին իրենց քննությունը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հրաժարվել է մեկնաբանել իր ընտանիքին պատկանող «Երևանի Սիթի»-ներում ստուգումների լուրը: Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Սարգսյանի ընտանիքի հետ կապվող «ՍԱՍ» սուպերմարկետների ներկայացուցիչներից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի գլխավոր հաշվապահն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ավելի քանի մեկ տարի, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարության հետ համաձայնությամբ, գյուղմթերքի վաճառքն իրականացվել է անհատ ձեռներեցների անունից: Խնդիրը հարկերից խուսափելը չի եղել, այլ թանկացումներ թույլ չտալը, ասաց կազմակերպության ներկայացուցիչը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել էր, որ կոռոպիցայի դեմ պայքարի շրջանակներում առաջիկա օրերին նոր բացահայատումներ են լինելու: Դեռ մոտ 20 օր առաջ, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ԱԱԾ տնօրենն ասել էր, թե Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։

Դրանից օրեր անց ԱԱԾ-ն հայտարարեց, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ գործող հանցավոր սխեմա, որի միջոցով «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Կազմակերպության տնօրենը, գլխավոր հաշվապահը և հաշվապահական ծառայության ղեկավարը կալանավորվել են:

ՊԵԿ նորանշանակ նախագահն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, կարծքի հայտնեց, որ ապրանքների մաքսազերծման ոլորտում աշխատող այդ ընկերությունը չէր կարող գործել առանց ՊԵԿ նախկին նախագահի իմացության: «Կարծում եմ՝ ոչ, հնարավոր չի առանց ՊԵԿ-ի ղեկավարի իմացության, այդ կառույցը գործեր, որովհետև այդ կառույցի առջև հստակ նպատակադրումներ կային: Ես կզարմանայի, որ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չլինեին, որովհետև դա կոնկրետ նպատակով ստեղծված կառույց է, նախկինից եկող կոռուպցիոն ռիսկերը մեղմացնելու նպատակով: «Նորֆոլկի» մասին բոլորը գիտեին դեռևս տարիուկես առաջ»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նրա փոխանցմամբ՝ մի քանի օրից կհրապարակվի այն ռիսկային կազմակերպությունների ցանկը, որոնցում առաջիկա մեկ տարվա ընթացքում ստուգումներ են իրականացվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG