Մատչելիության հղումներ

Ցուցարարները դարձյալ պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը


Արթուր Դավթյան, արխիվ
Արթուր Դավթյան, արխիվ

Մի խումբ քաղաքացիներ այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացրեցին նրա աշխատավայրի առջև։ Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ գլխավոր դատախազն իր անգործությամբ տարիներ շարունակ հովանավորել է հանցագործներին և հեղափոխությունից հետո տեղ չունի պետական համակարգում։

«Այսօր մենք ստանում ենք բազմաթիվ բողոքներ, որոնցում զետեղված են հենց նույն՝ այս գլխավոր դատախազի կողմից թույլ տրված ապօրինությունները՝ պաշտոնական դիրքի չարաշահում, անգործության ցուցաբերում: Մենք հասկանում ենք, որ եթե չշարունակենք պայքարը, չմաքրենք մեր երկիրը այս ապօրինի դատախազական և իրավապահ մարմիններից, ապա մենք չենք ունենա որևէ արդյունք և հաջողություն»,- ցուցարարների առջև ունեցած ելույթում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ ընտրվեց 2 տարի առաջ, պատգամավորների փակ գաղտնի քվեարկության արդյունքում։ Ըստ Սահմանադրության, դատախազությունն ինքնավար մարմին է, և անկախ հանգամանքից, որ իշխանությունը փոխվել է, Դավթյանը կարող է պաշտոնավարել մինչև 2022 թվականը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ գլխավոր դատախազը մոտ տասն օր առաջ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Ցուցարարներն այսօր պնդում էին, թե գլխավոր դատախազն ասոցացվում է նախկին իշխանությունների հետ, ու մեծ է վտանգը, որ նա կշարունակի աջակցել հանրապետականներին։

Քաղբանտարկյալների առկայությունը հերքող պաշտոնյան օր առաջ պետք է հեռանա իրավապահ համակարգից, ասում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, հիշեցնելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ շաբաթներ առաջ խորհրդարանում արած հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Գասպարին պնդում է, որ դատախազի ապօրինի գործողությունների արդյունքում բազմաթիվ անմեղ մարդիկ շարունակում են մնալ անազատության մեջ։

«Նա անգործություն է ցուցաբերել բազմաթիվ դեպքերում՝ մարտի 1-ի բացահայտումներ և այլն: Անհիմն մեղադրանքներով մարդկանց է դատապարտել ազատազրկման: Ինքը քաղաքական պատվերով մարդկանց է դատապարտել, այնուհետև ասում է՝ այդպիսի բան չի արել: Ուղղակիորեն ստում է»,- ասաց Գասպարին:

Գլխավոր դատախազի հրաժարականի պահանջին միացած ցուցարար Արմեն Մինասյանն էլ ասում է՝ հանրապետական պատգամավորներն իրենց գործողություններով ու հայտարարություններով ոտնահարել են մարդու հիմնական իրավունքները, մինչդեռ Արթուր Դավթյանը, աչք փակելով, ընթացք չի տվել դրանց։

Ցուցարարներն այսօր Հանրապետական կուսակցության մի շարք բարձաստիճան ներկայացուցիչների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին դատախազությանը։ Հնչեցվեցին, մասնավորապես, Տարոն Մարգարյանի, Սերժ Սարգսյանի անունները: Դատախազության աշխատակազմի ղեկավարը մոտեցավ ցուցարարներին և տեղեկացրեց, որ Արթուր Դավթյանը 3 օրով գործուղման է մեկնում և վերադառնալուն պես կլսի նրանց բողոքը։

Դատախազության մասին օրենքի համաձայն, Արթուր Դավթյանի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա դատապարտվել է հանցագործության համար կամ կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի այնպիսի խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը։ Այդ պարագայում ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 65 պատգամավորի կողմ ձայներով, կարող է ընտրել նոր գլխավոր դատախազ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG