Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը, ով ռուսաստանյան բանտերում ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ է հայտարարել, համաձայնել է հատուկ թերապիա անցնել, հայտնում է «Մեդիազոնա» պարբերականը:
Սենցովը հացադուլի մեջ է մայիսի 14-ից: Ուկրաինացի ռեժիսորի առողջական վիճակը բժիշկները «բավարար» են գնահատում:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ այնտեղ «ապօրինի պահվող ուկրաինացիներին» անհապաղ ազատ արձակելու համար:
Սենցովը ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է 2014 թվականի մարտին ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյի հետ միասին: Նրանք մեղադրվում են Ղրիմի թերակղզում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: 2015 թվականին ռուսաստանյան դատարանը ռեժիսորին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ Կոլչենկոյին՝ 10 տարվա: Ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել:
Պաշտոնական Կիևը ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել Օլեգ Սենցովի հետ փոխանակել ռուսաստանցի ռազմագերիներին: